«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը» (ՈԱԱԿ) հավատարմագրման փուլում գտնվող հինգ բուհերի ներկայացուցիչների համար հուլիսի 11-ին կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել` ներկայացնելու շարունակական բարելավման գործողությունների ծրագիր կազմելու նախընտրելի մոտեցումները և առանձնահատկությունները:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Երևանի գյուղատնտեսական համալսարանը, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը, Երևանի «Հայբուսակ» համալսարանը և Պետական կառավարման ակադեմիան հավատարմագրման գործընթաց են անցնում: Փորձագիտական զեկույցներն արդեն ուղարկվել են բուհեր: Հաջորդիվ բուհերը, հաշվի առնելով փորձագետների մատնանշած խնդիրները և խորհրդատվությունը, պետք է բարելավման պլան կազմեն և դրա իրագործման ժամանակացույց մշակեն:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորեց, որ շարունակական բարելավման գործողությունների ծրագիր կազմելիս բուհերը հաշվի առնեն նշված նպատակի իրագործման հնարավորությունը սահմանված ժամանակահատվածում:
Մասնակիցները ՈԱԱԿ մասնագետներին հղեցին շարունակական բարելավման գործողությունների ծրագրի վերաբերյալ իրենց հուզող հարցերը, ստացան բազմակողմանի և սպառիչ պատասխաններ: