ՈԱԱԿ-ը, համագործակցելով ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի հետ, հանդիպեց Կրթության կազմակերպում մագիստրոսական ծրագրի ուսանողներին։ Հանդիպման նպատակն էր կրթության ապագա մասնագետներին ծանոթացնել ՈԱԱԿ գործունեությանը և առկա աշխատանքային հնարավորություններին։
ՈԱԱԿ հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանի հետ քննարկեց կրթության, հատկապես մանկավարժության առջև ծառացած մարտահրավերները, դրանց հաղթահարման քայլերը, որոնք իրականացվում են Կենտրոնի կողմից և համագործակցության հնարավորությունները։
ՈԱԱԿ տնօրեն Ռ․ Թոփչյանը նշեց՝ Հիմնադրամը պատրաստ է համագործակցել Կենտրոնի հետ` սկսած ուսանողների համար աշխատանքային պրակտիկայի հնարավորություններ ստեղծելուց, ուսանող-փորձագետների պատրաստումից, հետազոտական իրական միջավայր ապահովելուց մինչև աշխատանքի առաջարկների ներկայացում։
ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը ուսանողներին ծանոթացրեց ՈԱԱԿ գործառույթներին, գործող բաժիններին, ներկայացրեց «Ուսանողության ձայնը» նախագիծը և ՈԱԱԿ-ում առկա աշխատանքային հնարավորությունները։
«ՈԱԱԿ-ում այժմ աշխատում են երիտասարդ կադրեր, որոնց աշխատանքային կարիերան սկսվել է պրակտիկայով, սակայն նրանց մի մասը այժմ ՈԱԱԿ-ում համակարգում են կարևոր գործընթացներ։ Դուք կարող եք աշխատել նաև որակի կենտրոններում, այսօր ձեր մասնագիտական գիտելիքների կարիքը կա»․ նշեց Ռ․ Թոփչյանը։
Հանդիպման վերջում ուսանողների և ՈԱԱԿ հիմնադրամի աշխատակիցների միջև տեղի ունեցավ հարց-պատասխան, ծավալվեց քննարկում կրթության առջև ծառացած խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությունների մասին։