Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ կրթության որակի ապահովման շահակիցների ցանցի` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները ներկայացնող անդամների հանդիպում: Որակի ապահովման շահակիցները ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի պետ Անուշավան Մակարյանի, բաժնի մասնագետ Լիլիթ Պիպոյանի և Հիմնադրամի շահակիցների հետ կապի պատասխանատու Լիլիթ Զաքարյանի մասնակցությամբ քննարկեցին ինստիտուցիոնալ հավատարմագրման ինքնավերլուծության ձևաչափը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար:
Քննարկման ընթացքում մասնագետներն անդրադարձան ինստիտուցիոնալ հավատարմագրման տասը չափանիշներից հինգին: Մյուս հինգ չափանիշները կքննարկվեն առաջիկա հանդիպմանը:
Կրթության որակի ապահովման շահակիցների հետ քննարկումների և առաջարկությունների հիման վրա քոլեջների ինստիտուցիոնալ ինքնավերլուծության ձևաչափը կբարեփոխվի:
Քննարկման մասնակիցներն առաջարկեցին նաև քոլեջների համար կազմել բացատրական բառարան, որում կմեկնաբանվեն ոլորտի եզրույթները, ինչպես նաև հավատարմագրման չափանիշներն ու չափորոշիչները: