ՏԵՄՊՈՒՍ-ի ESPAQ ծրագրի շրջանակներում մարտի 23-ին Էդինբուրգում տեղի ունեցավ «Արժևորելով ուսանողության դերը կրթության որակի բարելավման գործընթացում» թեմայով համաժողովը: Միջոցառման կազմակերպիչն էր «Շոտլանդիայի ուսանողների համագործակցություն որակի ապահովման ոլորտում» գործակալությունը (SPARQS):
Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել ուսանողների ներգրավվածությանը բուհերում առարկայական ծրագրերի մշակմանը, որակի ապահովման և որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև դասավանդման և ուսումնառության բարելավմանը ուսանողների արձագանքի հիման վրա: Դիտարկվել է նաև ուսանողների մասնակցությունը տրանսազգային կրթությանը: Համաժողովի մասնակիցները կարևորել են ուսանողների մասնակցությունը ինստիտուցիոնալ գնահատումներին և ինքնավերլուծության իրականացմանը:
Համաժողովի մասնակիցները քննարկել են նաև բարձրագույն կրթությունում ուսանողության դերի բարձրացման միջազգային մոտեցումները: Ներկայացվել է նաև Հայաստանյան փորձը: ՈԱԱԿ-ում ESPAQ ծրագրի համակարգող Էլլա Կարագուլյանը ներկայացրել է Հայաստանում որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավվածությունը: Մասնավորապես շեշտվել է ուսանողների մասնակցությունը բուհերի հավատարմագրման գործընթացներին. փորձագիտական խմբի անդամներից մեկն ուսանող-փորձագետ է: Ներկայացվել է նաև ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» ծրագիրը, որն որակի ապահովման գործընթացների վերաբերյալ ուսանողների իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաև ուսանող-փորձագետների բազան համալրելու նպատակով պարբերանար դասընթացներ է կազմակերպում հայաստանյան բուհերի ուսանողների համար:
ESPAQ–ը («Հայաստանի բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացում ուսանողների մասնակցության դերի բարձրացում») եռամյա ծրագիր է: Նպատակն է խթանել որակի ապահովման գործընթացները և նպաստել որակի մշակույթի կայացմանը Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում`ապահովելով շահակիցների, հատկապես ուսանողների մասնակցությունը գործընթացներին: