Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի հետ։ Հանդիպման նպատակն էր ոլորտային շահակիցներին ներկայացնել մասնագիտական ուսումնական հաստատություններում ծավալվող որակի ապահովման գործընթացները, խրախուսել նրանց մասնակցությունը մասնագիտական կրթության կազմակերպման, ինչպես նաև հավատարմագրման գործընթացներում։
Հանդիպման ընթացքում պարոն Թոփչյանը ներկայացրել է բժշկական կրթություն մատուցող ուսումնական հաստատություններում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման ՈԱԱԿ-ի փորձը, Հիմնադրամի միջազգային համագործակցությունները, այդ թվում բժշկական կրթության որակի ապահովման ոլորտում, ինչպես նաև ոլորտի միջազգային չափանիշների տեղայնացման հնարավորությունները։
Լենա Նանուշյանը ներկայացրել է մարդկային ներուժի զարգացման ոլորտում առողջապահության նախարարության քաղաքականությունը` անդրադառնալով բժշկական հետբուհական կրթության, շարունակական մասնագիտական զարգացման ներկա կարգավորումներին, հավաստագրման նոր համակարգին, առողջապահության նախարարության նոր անելիքներին ու նախաձեռնություններին:
Կողմերը քննարկել են ՈԱԱԿ-ի և Առողջապահության նախարարության համագործակցության հնարավոր ուղղությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանատիպ հանդիպումների շարունակականության մասին։
Լուսանկարը՝ Առողջապահության նախարարության կայքից