Առաջիկայում մեկնարկելու է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ՄԿԾ-ների հավատարմագրման գործընթացը։ Ի՞նչ շեշտադրումներ պետք է ունենա ծրագրային հավատարմագրումը, ի՞նչ խնդիրներ են տեսնում ՄԿՈՒ հաստատությունները, որոնց վերաբերյալ կցանկանային բարելավման խորհրդատվություն ստանալ փորձագետներից։ Այս հարցերն էին հոկտեմբերի 4-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցած հանդիպման օրակարգում։
Հավատարմագրված և հավատարմագրման գործընթացում գտնվող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալների և որակի ապահովման պատասխանատուների հետ քննարկվեցին ծրագրային հավատարմագրման առանձնահատկությունները, գործընթացը երկխոսության և համագործակցության մթնոլորտում իրականացնելու կարևորությունը։
Հանդիպման առանցքային թեմաներից էր՝ ինչով է տարբերվում ծրագրային հավատարմագրումն ինստիտուցիոնալ հավատարմագրումից։
Շեշտադրվեց, որ ինստիտուցիոնալ հավատարմագրման պարագայում փորձագետները բոլոր չափանիշները, այդ թվում ՄԿԾ-ները, դիտարկում են կառավարման տեսանկյունից։ Մինչդեռ ծրագրային հավատարմագրման պարագայում որակի ապահովման գործընթացները միտված են վեր հանելու՝ ինչպես է տեղի ունենում ուսուցման գործընթացը և որքանով են դրանք արդյունավետ։
«Ծրագրային հավատարմագրման նպատակն է գնահատել, թե ուսանողը, որն ավարտում է տվյալ կրթական ծրագիրը, որքանով է համապատասխանում ոլորտի մասնագետին ներկայացված վերջնարդյունքներին: Այս գործընթացում հատուկ ուշադրություն է դարձվելու կրթական ծրագրի բովանդակության կազզմանը, դասավանդման և գնահատման մեթոդներին և չափանիշներին,- ասաց ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը։- Այսօր ՄԿՈՒ հաստատություններն ուսանողներին սովորեցնում են տարբեր կերպ, ծրագրային հավատարամագրումը դիտարկելու է, թե հաստատությունը որքանով է կարողացել ներդնել ուսանողկենտրոն գնահատման համակարգ, որը սովորողին դարձնում է մասնագետ՝ պատրաստ անմիջապես աշխատաշուկա անցնելու»։
Անդրադարձ կատարվեց նաև․
- Գնահատման չափանիշներին․ կարևորվեց, որ ՄԿԾ-ներն ունենան հնարավորինս հստակ վերջնարդյունքներ և դրանց գնահատման չափելի ցուցիչներ;
- ՊԿՉ-ների հիման վրա մշակված ՄԿԾ-ների արդյունավետ իրականացմանը և շարունակական բարելավմանը;
- Պրակտիկ կրթությանը և իրական աշխատանքային միջավայրում կիրառվող հմտությունների, մասնագիտական նրբությունների ուսուցմանը;
- Տարբեր կարողություններով ուսանողների հետ աշխատելու և նույնական վերջնարդյունքներ ապահովելու կարևորությանը;
- Ուսանողակենտրոն ուսուցման և գնահատման համակարգի փոխկապակցվածությանը;
- Մասնագիտական էթիկային տիրապետող մասնագետների պատրաստման կարևորությանը;
- Սահմանափակ ռեսուրսների և նյութատեխնիկական բազայի պայմաններում արդյունավետ ուսուցում կազմակերպելու մարտահրավերներին, ԱՀՈՒ ուսուցմանը և գործատուների հետ համագործակցության առանձնահատկություններին։
Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին փոքր խմբեր կազմել՝ շարունակելու քննարկել ծրագրային հավատարմագրման առանձնահատկություններն ըստ ոլորտների։
Նշենք՝ ծրագրային հավատարմագրումն իրականացվելու է ՀՀ կառավարության 2011թ․ հունիսի 30-ի N 959Ն որոշմամբ հաստատված չափանիշներով։ Ծրագրային հավատարմագրման ժամանակ դիտարկվելու է 7 տիրույթ․ մասնագիտության կրթական ծրագիրը, դասախոսական կազմը, դասավանդումը և ուսումնառությունը, ուսանողների գնահատումը, հետազոտական և ստեղծագործական գործունեությունը, կրթական միջավայրը, որակի ապահովումը։
2025թ․ պետական ֆինանսավորմամբ ծրագրային հավատարմագրման գործընթաց է անցնելու 5 միջին մասնագիտական բժշկական հաստատություն։