Հայաստանի և Ավստրիայի Էրազմուս+ ազգային գործակալությունները ձգտում են խթանել համագործակցությունը երկու երկրների կրթական համայնքների միջև։ Տարածաշրջանային այցի շրջանակներում ավստրիացի մասնագետները Հայաստանում են մայիսի 16-17-ին։
Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում անցկացվող երկօրյա սեմինարի նպատակն է ավստրիացի և հայաստանցի մասնագետներին ծանոթացնել երկու երկրների բարձրագույն կրթության համակարգերի առանձնահատկություններին, Էրազմուս+ շրջանակներում նախաձեռնել ուսանողների և դասախոսների երկկողմանի փոխանակումներ, մշակել բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման նոր գաղափարներ և դիմել դրամաշնորհների և այլն։
Այցի շրջանակներում կքննարկվեն համագործակցության հնարավոր ուղիներն ու ոլորտները, կողմերը կներկայացնեն իրենց լավագույն փորձը։
Համաժողովի մեկնարկին ողջույնի խոսք հղեցին Էրազմուս+ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լանա Կառլովան և ավստրիական գրասենյակի ղեկավար Գերհարդ Վոլցը։ Ավստրիացի համալսարանականներին հայաստանյան բարձրագույն կրթական համակարգը ներկայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը։ Նա խոսեց կրթական համակարգի առանձնահատկությունների, խնդիրների ու մարտահրավերների մասին, պատմեց որակի ապահովման գործընթացների, հավատարմագրման տեսակների, չափանիշների ու նպատակների, առկա արդյունքների մասին։ Պարոն Թոփչյանն իր զեկույցում ուրվագծեց նաև մի շարք ոլորտներ, որոնցում հայ-ավստրիական համագործակցությունը կարող է հեռանկարային և արդյունավետ լինել։ Պարոն Թոփչյանը հատկապես շեշտադրեց համագործակցության հնարավորությունը կարճատև կրթական ծրագրերի իրագործման, համատեղ հավատարմագրումների, հեռավար կրթության, կրթական երրորդ աստիճանի ուսանողների համատեղ գիտական ղեկավարման ոլորտներում։
Ծավալվեց քննարկում ներկայացված զեկույցի և համագործակցության առաջարկվող ոլորտների վերաբերյալ։