Հուլիսի 8-ին «Ուսանողության ձայն» նախագծի Ուսանող-փորձագետների դասընթացն ավարտած մասնակիցները հանդիպում ունեցան ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի և ՈԱԱԿ մասնագետների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախագծի ընձեռած հնարավորությունները, հետագա համագործակցության ուղիները և մասնակից ուսանողների սպասելիքներն ու առաջարկները:
Հանդիպման առանցքում էին աշխատաշուկայի կողմից որակավորումների ճանաչման և աշխատանքի վրա հիմնված կրթության իրականացման հիմնահարցերը: ՈԱԱԿ տնօրենի հետ զրույցի ընթացքում նախագծի մասնակիցները շեշտադրեցին կրթության ընթացքում ստացած հետադարձ կապի կարևորությունը և դրա ունեցած դերը ձևավորող գնահատման համար: Ապագա ուսանող-փորձագետները կարևորեցին նաև միջգիտակարգային կապերի առկայությունը, որը խրախուսվում է նաև ՈԱԱԿ-ի կողմից՝ պարբերաբար իրականացվող դասընթացներում տարբեր մասնագիտությունների ուսանողներ ներգրավելու միջոցով:
Հանդիպման ավարտին Ռուբեն Թոփչյանը հավաստագրեր հանձնեց դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողներին, որոնք առաջիկա հավատարմագրման գործընթացներին կներգրավվեն որպես ուսանող-փորձագետներ:
Նշենք, որ «Ուսանողության ձայն»-ը պարբերաբար դասընթացներ է կազմակերպում ուսանողների համար`որպես բանախոսներ ներգրավելով ՈԱԱԿ մասնագետներին, կրթության ոլորտի փորձագետներին, բուհերի որակի ապահովման ստորաբաժանումների աշխատակիցներին, ուսանող-փորձագետներին: Նախագծի նպատակներին և ծավալած գործունեությանն առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3AXLBeC: