Բուհերի ծրագրային հավատարմագրմանն ընդառաջ ապրիլի 9-ին ՈԱԱԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «ՄԿԾ բարելավում. լավագույն փորձի ներկայացում» հերթական առցանց աշխատաժողովը, որին մասնակցում էին 50-ից ավել մասնագետներ հայաստանյան բուհերից։
Կրթական ծրագրերի բարելավման իրենց փորձառությունը ներկայացրին Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) և Հայկական բժշկական ինստիտուտի (ՀԲԻ) ներկայացուցիչները։
ԵՊԲՀ դասախոս Դավիթ Ղազարյանը ներկայացրեց զեկույց ««Ախտաբանություն» առարկայի դասավանդման և գնահատման նոր առցանց համակարգ» թեմայով։ Բանախոսը ներկայացրեց, թե ինչպես առցանց գնահատման ներդրված համակարգը կարող է ապահովել, որ՝
- Ուսանողը հնարավորություն ստանա ընտրել, թե տվյալ շաբաթվա թեման այդ առարկան դասավանդող դասախոսներից որի մոտ է ցանկանում լսել։ Ցանկության դեպքում ուսանողը կարողանա նաև մասնակցել մի քանի դասախոսների նույն թեմայով դասընթացին։
- Ուսանողը կարողանա ընտրել՝ դասին մասնակցել առկա, թե առցանց ձևաչափով։
- Դասախոսը ուրաքանչյուր թեմայի ավարտին կարողանա էլեկտրոնային կրթական հարթակի միջոցով գնահատել ուսանողի ձեռքբերումը և առաջընթացը՝ բացահայտելով ուսանողի կրթական կարիքները։
- Խրախուսվի ինքնակրթությունը․ տեսական նյութերն ուսանողներին տրվեն նախապես, և դասավանդումը դառնա մասնագիտական խնդիրներ վերլուծելու հարթակ։
- Ուսանողի վերջնական գնահատականը ձևավորվի 4 բաղադրիչների հիման վրա՝ ընթացիկ գնահատումների, ամփոփիչ քննության, ամփոփիչ հետազոտական աշխատանքի և համակարգչային թեստավորման միջոցով։
Նշվեց, որ էլեկտրոնային գնահատման համակարգի ներմուծումը դասավանդման և գնահատման գործընթացում ապահովել է ուսանողների մոտ առավել բարձր առաջընթաց, քան նախորդ տարիներին։
Շեշտադրվեց նաև, որ թվային դարաշրջանում կարևոր է նաև կրթական համակարգում ճկունություն ցուցաբերելը՝ ժամանակից հետ չմնալու և տեխնոլոգիաների հնարավորություններն ի շահ կրթական համակարգի համար օգտագործելու։
ՀԲԻ որակի ապահովման պատասխանատու Գոհար Մկրտչյանը և դասախոս Անահիտ Հարությունյանը ներկայացրեցին զեկույց «Դասի որակի կառավարում» թեմայով։
Ուսումնասիրությունների արդյունքում բուհը պարզել էր, որ նույն առարկան դասավանդող տարբեր դասախոսներ տարբեր արդյունքներ են արձանագրում։ Վերջնարդյունքների նույնականությունն ապահովելու համար բուհը նախաձեռնել է ընդհանրական դասի պլանների ներդրում։
Շեշտադրվեց, որ միասնական դասի պլանները հնարավորություն են տվել․
- Ապահովել առարկայի դասավանդման միանմանությունը՝ չբացառելով դասախոսի անհատական մոտեցումը թեմային և լսարանին։
- Ապահովել փորձի փոխանակում և բուհի ներսում կուտակված լավագույն փորձի տարածում։
- Աջակցել սկսնակ դասախոսներին մանկավարժական փորձ ձեռք բերելու և առարկային ճիշտ մոտեցում ցուցաբերելու հարցում։
- Ապահովել միջառարկայական կապեր և խրախուսել դասախոսների համագործակցությունը,համատեղ դասերի անցկացումը։
- Ուսանողին տրվող և վերջնարդյունքների ապահովմանը միտված հանձնարարականները բխեցնել դասի պլանից։
Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորեց բուհերի ղեկավարության դերը նորարարությունները խրախուսելու և ներդնելու գործում։ «Նորարարությունների շնորհիվ կարող ենք գտնել առկա խնդիրների լուծումները։ Եվ ղեկավարը պետք է խրախուսի նորարարությունը, փորձարկումները», - ասաց նա՝ կարևորելով, որ յուրաքանչյուր նորարարություն ունենա որակի ապահովման համակարգ և հիմնավորվի հետազոտությամբ։ «Որակի ապահովման համակարգ ներդնելով կարող եք պաշտպանել ձեր նորարարությունը և ապահովել դրա շարունակական բարելավումը», - ասաց ՈԱԱԿ տնօրենը։
Ռուբեն Թոփչյանը շեշտադրեց, որ ՈԱԱԿ-ի նպատակը նորարարությունը վերհանելը և տարածելն է․ «Կոչ ենք անում բոլորին կիսվել իրենց լավագույն փորձով։ Յուրաքանչյուր փորձ կարևոր է։ Մենք միմյանցից շատ բան ունենք սովորելու»։
Միջոցառման ավարտին մասնակիցները կարևորեցին, որ նմանատիպ միջոցառումները լինեն շարունակական՝ շեշտելով, որ ՈԱԱԿ-ը բուհերի համար համագործակցության և փորձի փոխանակման արդյունավետ հարթակ է։
Նշենք, որ աշխատաժողովների նպատակն է ՄԿԾ-ների բարելավման հաջողված փորձերի քննարկման արդյունքում երկխոսություն ձևավորել բուհերի միջև, ստեղծել գործընկերային կապեր և տարածել լավագույն փորձը։