Որքանո՞վ և ինչպե՞ս է իրականացվել ՄՈՒՀ-ի բարելավման ծրագիրը, արդյո՞ք ՄՈւՀ-ի գործընթացներն ու փաստաթղթերն անցել են ՊԻԳԲ շրջափուլով, որքանո՞վ են վերահավատարմագրվող ՄՈւՀ-երի ներկայացրած փաստաթղթերը վերլուծական, արդյո՞ք ՄՈւՀ-ն իր զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանելիս հաշվի առել է տարածաշրջանային առանձնահատկությունները։
Այս և այլ հարցեր հունիսի 10-ին քննարկվեցին ՈԱԱԿ-ում 3 քոլեջների փորձագիտական խմբերի հետ հանդիպման ընթացքում։ Նպատակը՝ ՄՈՒՀ-երի վերահավատարմագրման փորձագիտական այցից առաջ առկա իրավիճակի նախնական քննարկումն է։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի և ՈԱԱԿ աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում փորձագիտական խմբերը ներկայացրին իրենց նախնական գնահատման և փաստաթղթային հենքի վերլուծության արդյունքները։ Վերհանեցին այն ուղղությունները և հարցերը, որոնք պետք է քննարկել ՄՈւՀ-երի շահակիցների հետ։
Կարևորվեց, որ վերահավատարմագրվող ՄՈւՀ-երը ցույց տան հավատարմագրման առաջին շրջափուլից հետո տեղի ունեցած բարելավումները, դրանց ազդեցությունը կրթակա գործըթնացի և որակավորումների շնորհման արժանահավատության վրա։ Փորձագիտական խմբի ուշադրության կենտրոնում է լինելու նաև ձևավորող գնահատման իրականացումը ուսումնական հաստատություններում, մասնավորապես՝ ինչպե՞ս է ուսումնական հաստատությունն իրականացնում ձևավորող գնահատում և որքանո՞վ է այն նպաստում մասնագիտական կարողությունների զարգացմանը։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը շեշտադրեց, որ ՄՈւՀ-երի համար զարգացման այլ նշաձող կարող է դառնալ իրենց սեփական որակի ապահովման ձեռնարկի մշակումը։
Կարևորվեց նաև, որ փորձագետների խորհուրդները լինեն հնարավորինս հստակ և թիրախային՝ մատնանշելով, թե ինչ և ինչպես կարող է բարելավել քոլեջը։
Նշենք, որ վերահավատարմագրման փուլում են գտնվում՝
- Ստեփանավանի պր․ Ա․ Քալանթարի անվ․ պետական գյուղատնտեսական քոլեջը, համակարգող ՝ Անահիտ Տերտերյան։
- Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը, համակարգող ՝ Մերի Բարսեղյան։
- Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջը, համակարգող՝ Լիանա Ալավերդյան։
Փորձագիտական այցերը կմեկնարկեն հաջորդ շաբաթվանից։