Հանրապետության մասնագիտական ուսումնական 34 հաստատությունում իրականացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեծ մասում արդեն գործում է որակի ներքին ապահովման խնդիրներով զբաղվող առանձին ստորաբաժանում կամ խումբ։ Ուսումնասիրությանը մասնակցել է պետական 16, ոչ պետական ուսումնական 17 հաստատություն և արտերկրի բուհի 1 մասնաճյուղ։
Մասնագիտական ուսումնական հատատություններում որակի ներքին ապահոման համակարգի գործունեության ու առկա խնդիրների վերհանման նպատակով դեռևս նախորդ տարի Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) իրականացրած ուսումնասիրության արդյունքներն այսպիսով վկայում են, որ ուսումնական հաստատությունները գիտակցում են որակի համակարգի անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Հատկանշական է, որ նշված ստորաբաժանումները հիմնականում ստեղծվել են 2008-2009 թվականներին։ Կրթության որակի համակարգը՝ ներքին ու արտաքին ապահովման իր մեխանիզմներով, նոր է մեր հանրապետությունում ու դրա ուղղությամբ դեռ բազմթիվ անելիքներ կան։ Մասնավորապես, անհրաժեշտ է հստակեցնել որակի խնդիրներով զբաղվող ստորաբաժանումների կարգավիճակն ու լիազորությունները, այն մեխանիզմները, որոնց վրա հիմնվելով՝ պետք է գործի կրթության որակի ներքին ապահովման համակարգը։ Ինչպես փաստել է ուսումնասիրությանը մասնակցած 25 հաստատություն, որակի համակարգի համար լրջագույն խնդիրներից մեկն էլ մասնագիտական կադրերի կարողությունների զարգացումն է։
Որակի ներքին ապահովման համակարգերի ձևավորման ու դրանց գործունեության խթանման նպատակով ՈԱԱԿ-ն ուսումնասիրել ու վեր է հանել նաև ուսումնական հաստատությունների կարիքները՝ մասնագիտական խորհրդատվության ու աջակցության առումով։ Դրանց հիման վրա որակի կենտրոնն այժմ մշակում է վերապատրաստման դասընթացներ, նախապատրաստվում է կլոր սեղան-քննարկումների կազմակերպմանը։ ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ ու հանրապետության մի քանի բուհերի մասնակցությամբ «TEMPUS»-ի շրջանակում արդեն իրականացվում է «Հաստատությունների ինքնագնահատման համակարգերի մշակում և ներդնում» միջազգային ծրագիրը։