Որակի ապահովման ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց հանդիպում մշտադիտարկված միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման պատասխանատուների հետ։ Հանդիպման նպատակն էր գնահատել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում մշտադիտարկումների ազդեցությունը որակի ներքին ապահովման համակարգերի և կրթական ծրագրերի բարելավման գործընթացների վրա։
Հանդիպման մասնակիցները կարևորեցին մշտադիտարկումների իրականացումը նշելով՝ այն օգնում է հմտանալ որակի ապահովման գործում և ավելի լավ պատկերացում կազմել հավատարմագրման գործընթացից։
Ուսումնական հաստատությունների որակի ապահովման պատասխանատուները ընդգծեցին որոշ ձեռքբերումներ, որոնք ունեցել են մշտադիտարկումների արդյունքում․ դրանք են շահակիցների հետ հարաբերությունների խորացումը, ուսանողների շրջանում պարբերական հարցումների անցկացումը, անհրաժեշտ տվյալների հավաքագրումը, արված աշխատանքի պատճաշ ներկայացումը և փաստաթղթավորումը, ներքին փորձագետների վերապատրաստումը։
Մասնակիցները հատկապես կարևորեցին մշտադիտարկման արդյունքում ուսումնական հաստատության ներքին հաղորդակցության և համագործակցության ակտիվացումը․ որակի ապահովման որոշ մասնագետներ նշեցին ՝ սկսել են ավելի սերտ աշխատել կարիերայի կենտրոնների, ամբիոնների հետ, գործատուների հետ կնքվել են համագործակցության նոր հուշագրեր, որորնք դրականորեն են ազդել որակի ապահովման գործընթացի վրա։
Մասնագիտական կրթական ծրագրերին անդրադառնալիս՝ որոշ ուսումնական հաստատություններ նշեցին՝ վերանայել են կրթական ծրագրերը բովանդակային և ձևաչափային տեսանկյուններից։
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև մշտադիտարկումների անցկացման պարբերականության, մշտադիտարկման ձևաչափի հարցերը, ըստ որի՝ ուսումնական հաստատությունները ցանկություն հայտնեցին հաճախակիացնել տարեկան նախատեսված մշտադիտարկումները, կենտրոնանալ քիչ քանակությամբ չափանիշների, բայց իրականացնել ավելի խորքային վերլուծություն, հատկապես բացասական գնահատված չափանիշների դեպքում, որը կօգնի նրանց ավելի լավ պատկերացում կազմել ուսումնական հաստատության թույլ կողմերից և օրինակ կհանդիսանա մնացած չափանիշների վերլուծության համար։
Հանդիպման մասնակիցները ցանկություն հայտնեցին հնարավորության դեպքում մշտադիտարկումները անցկացնել առկա ձևաչափով, ոչ հեռավար, որը իրենց կարծիքով ավելի օգտակար կլինի։ ՈԱԱԿ ներկայացուցիչները խոստացան դիտարկել առաջարկը և համավարակի տեմպերի նվազման պարագայում իրականացնել առկա մշտադիտարկումներ, մասնավորապես դեկտեմբերին նախատեսվում է համաժողով, որի ընթացքում քոլեջները կկիսվեն իրենց փորձով, հաղթահարած խնդիրներով և մյուս քոլեջներին խորհուրդներ կտան։
Հիշեցնենք՝ արդեն կայացել է բուհերի մշտադիտարկման և արդյունքների ամփոփման հանդիպումը։
Կազմակերպվող մշտադիտարկումները ունեն գործընկերային բնույթ և օգնում են բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին վերհանել թույլ կողմերը, հմտանալ որակի ապահովման գործընթացում և ավելի լավ ընկալել հավատարմագրման գործընթացը։