Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը դասալսումներ և մշտադիտարկում է իրականացրել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) և Հայկական բժշկական ինստիտուտում (ՀԲԻ)։
Մշտադիտարկման նպատակը որակի ապահովման ներքին համակարգի ուսումնասիրությունն է։ ՈԱԱԿ-ի մասնագետները Հայկական բժշկական ինստիտուտում դիտարկել են, թե ինչպիսին է որակի ապահովման ներքին համակարգը, որակի ապահովման ինչ մեխանիզմներ են գործում։ Իսկ ՀԱԱՀ-ում դիտարկել են, թե հավատարմագրման և բարելավման ծրագրի իրագործման արդյունքում ինչ փոփոխություններ է կրել բուհի որակի ներքին ապահովման համակարգը, որքանով է բուհը կատարում իր ստանձնած պարտավորությունները կրթության որակի շարունակական բարելավման ապահովման առումով։
Նշենք, որ ՀԱԱՀ-ն ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացել է 2015 թվականին և այժմ վերահավատարմագրման փուլում է։ Իսկ Հայկական բժշկական ինստիտուտն այժմ առաջին անգամ է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՈԱԱԿ մասնագետները և փորձագետները նաև դասալսումներ են իրականացրել, մասնակցել տեսական ու գործնական պարապմունքների, ուսումնասիրել ուսանողի գնահատման մոտեցումները տվյալ բուհերում։