Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մշտադիտարկում է իրականացրել Շիրակի պետական համալսարանում (ՇՊՀ):
Այցի ընթացքում ՈԱԱԿ մասնագետները դիտարկել են բուհի որակի ապահովման համակարգը, հավատարմագրման արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները, բուհի բարելավման ծրագրի իրագործման ընթացքը և արդյունքները, ինչպես նաև բուհի առջև ծառացած մարտահրավերները։
Այդ նպատակով հանդիպումներ են տեղի ունեցել բուհի վարչական ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, որակի ապահովման մասնագետների և ուսանողների հետ, ուսումնասիրվել են բուհի կողմից ներկայացված մասնագիտությունների կրթական ծրագրերը:
Մասնավորապես, բուհի ղեկավար կազմի հետ քննարկվել են բուհի հետագա զարգացման ուղղությունները, առկա ռիսկերի կառավարման ուղիները, անձնակազմի կառավարման արդյունավետության խնդիրները, իսկ ամբիոնների վարիչների հետ քննարկվել են ուսումնական գործընթացում որակյալ կադրերի ներգրավմանը, ուսանողների մոտ գործնական կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Նշենք, որ Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը (որի իրավահաջորդն է Շիրակի պետական համալսարանը), 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել 2016-ին:
Լուսանկարները՝ ՇՊՀ-ի