Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) այսօր մշտադիտարկում է իրականացնում Արցախի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում։
Առցանց մշտադիտարկման ընթացքում ՈԱԱԿ մասնագետները դիտարկում են բուհի որակի ապահովման համակարգի գործունեությունը՝ շեշտադրելով հատկապես արտակարգ իրավիճակի ժամանակահատվածը և բուհի արձագանքն անսպասելի զարգացումներին։ Քննարկվում է, թե որքանով է բուհը պատրաստ ռիսկերի կառավարմանը, ինչպես են նախապատրաստվել նոր ուսումնական տարվան։
Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունենում բուհի ռեկտորի և պրոռեկտորների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, ուսանողների, Որակի ապահովման բաժնի պատասխանատուների և ինքնավերլուծություն իրականացրած խմբի ներկայացուցիչների հետ։
ՈԱԱԿ-ը կարևորում է մշտադիտարկումը որպես ՄՈՒՀ-ի հետ համագործակցության միջոց․ այն հնարավորություն է տալիս պարզաբանելու առկա խնդիրները և դիտարկելու ուսումնական հաստատության առաջընթացը։ COVID 19-ի համավարակով ստեղծված իրավիճակում ՄՈՒՀ-երի հետ համագործակցությունը և հնարավոր խնդիրների դիտարկումն առավել արդիական է։ Հետևաբար ՈԱԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումները նաև արտակարգ դրության պայմաններում։
Ավելի վաղ առցանց մշտադիտարկում է իրականացվել Գորիսի պետական համալսարանում, Եվրոպական համալսարանում, Արցախի պետական համալսարանում, Հյուսիսային համալսարանում և Երևանի «Գլաձոր» համալսարանում, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում։