Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) այսօր մշտադիտարկում է իրականացնում Հյուսիսային համալսարանում՝ դիտարկելու հավատարմագրման ազդեցությունը որակի ներքին ապահովման համակարգի վրա, բուհի բարելավման ծրագրի իրագործման ընթացքը, ինչպես նաև կառավարման և որակի ապահովման համակարգերի գործունեությունն արտակարգ դրության պայմաններում։
Այդ նպատակով հանդիպումներ տեղի կունենան բուհի ռեկտորի, պրոռեկտորների, որակի ապահովման բաժնի պատասխանատուների, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչների, ամբիոնների վարիչների հետ։
Նշենք, որ ՈԱԱԿ-ը մշտադիտարկումներ է իրականացնում թե բուհերում, թե քոլեջներում։ ՈԱԱԿ-ը կարևորում է մշտադիտարկումը որպես ՄՈՒՀ-ի հետ համագործակցության միջոց․ այն հնարավորություն է տալիս պարզաբանելու առկա խնդիրները և դիտարկելու ուսումնական հաստատության առաջընթացը։ COVID 19-ի համավարակով ստեղծված իրավիճակում ՄՈՒՀ-երի հետ համագործակցությունը և հնարավոր խնդիրների դիտարկումն առավել արդիական է։ Հետևաբար ՈԱԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումները նաև արտակարգ դրության պայմաններում։