Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել հավատարմագրման նախապատրաստվող քոլեջներում։
ՈԱԱԿ մասնագետների և փորձագետների խումբը հուլիսի 13-ին մշտադիտարկում իրականացրեց Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում, հուլիսի 15-ին՝ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջում։ Հիմքում քոլեջների SWOT վերլուծությունն էր՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների։ Նպատակն է նախապատրաստել քոլեջներին ինքնավերլուծություն իրականացնելուն և հավատարմագրմանը։
Մշտադիտարկմանը որպես փորձագետ մասնակցել են նաև քոլեջի երկու աշխատակիցներ, որոնք որպես արտաքին գնահատող դուրս են բերել իրենց քոլեջի ուժեղ և թույլ կողմերը և հետագայում մասնակից կդառնան և բարելավման գործընթացներին, և ինքնավերլուծության իրականացմանը։
ՈԱԱԿ մասնագետները և փորձագետները առցանց հանդիպումներ և քննարկումներ են ունեցել քոլեջների ղեկավարության, դասախոսական կազմի, ուսանողների, շրջանավարտների, գործատուների ներկայացուցիչների, որակի ապահովման պատասխանատուի և SWOT վերլուծություն իրականացրած խմբի հետ։
Ուշադրության կենտրոնում են եղել հատկապես առաքելություն և նպատակ, կառավարում և վարչարարություն չափանիշները, քանի որ այս երկու տիրույթների գործընթացների արդյունավետությունից է կախված մնացած բոլոր տիրույթների արդյունավետությունը։
Հարցադրումները կոչված էին պարզելու, թե որքանով է ՄՈՒՀ-ը սովորող կառույց, արդյոք վարչարարությունը և ՄԿԾ-ների կառավարումն իրականացվում է ՊԻԳՊ շրջափուլով, որքանով են ընթացիկ գործողությունները բխում ՄՈՒՀ-ի առաքելությունից և ռազմավարությունից, արդյոք ՄՈՒՀ-ն ունի միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորում և պլանավորման իրականացման արդյունքների վերահսկման մեխանիզմներ և այլն։
Նշենք, որ ավելի վաղ ՈԱԱԿ-ը մշտադիտարկում էր իրականացրել Արարատի պետական, Երևանի ինֆորմատիկայի պետական և Լոռու տարածաշրջանային պետական քոլեջներում։