Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) Եվրոպական համալսարանի որակի ներքին ապահովման մշտադիտարկում իրականացրեց։ Մայիսի 7-ին մասնագետների խումբն այդ նպատակով առցանց հանդիպումներ ունեցավ բուհի ներկայացուցիչների հետ։
Քանի որ Եվրոպական համալսարանը գտնվում է վերահավատարմագրման փուլում, բուհի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվեց, թե որքանով է իրագործվել նախորդ հավատարմագրման արդյունքում հաստատված բարելավման գործողությունների ծրագիրը, ինչ քայլեր է ձեռնարկել բուհն իր ռազմավարական ծրագրի իրագործման ուղղությամբ, դիտարկվեցին իրականացվող մասնագիտության կրթական ծրագրերը, դրանց որակի ապահովման մեխանիզմները։ Մանրակրկիտ քննարկվեց նաև, թե ինչպես է բուհն առցանց կրթության պայմաններում ապահովելու սահմանված վերջնարդյունքների ձեռքբերումը, առցանց կրթության որակի ապահովման ինչ մեխանիզմներ են կիրառվում, որքանով է բուհը պատրաստ առաջացած ռիսկերի կառավարմանը և այլն։
Մշտադիտարկման ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել բուհի ռեկտորի և պրոռեկտորների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչների, ինչպես նաև որակի ապահովման պատասխանատուների և ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ։