Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) այսօր որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում է իրականացնում Գավառի պետական համալսարանում (ԳՊՀ)։
ՈԱԱԿ մասնագետներն առցանց հանդիպումների ընթացքում դիտարկելու են, թե ինչպես է ազդել հավատարմագրումը բուհի որակի ապահովման համակարգի վրա, արդյունքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել և ինչպես են այդ փոփոխությունները դրսևորվել տարբեր ոլորտներում։ Կկարևորվի նաև, թե ինչպես են բուհի կառավարման և որակի ապահովման համակարգերն արձագանքել առցանց կրթությամբ առաջացած մարտահրավերներին։
Այդ նպատակով հանդիպումներ տեղի կունենան բուհի ռեկտորի և պրոռեկտորների, ամբիոնների վարիչների, որակի ապահովման բաժնի պատասխանատուների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչների հետ։
Նշենք, որ ՈԱԱԿ-ը կարևորում է մշտադիտարկումը որպես ՄՈՒՀ-ի հետ համագործակցության միջոց․ այն հնարավորություն է տալիս պարզաբանելու առկա խնդիրները և դիտարկելու ուսումնական հաստատության առաջընթացը։ Մշտադիտարկումներ իրականացվում են թե ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող, թե դեռևս ինստիտուցիոնալ հավատարմագրում չանցած ուսումնական հաստատություններում։