Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) երեկ անցկացրեց հերթական առցանց մշտադիտարկումը, այս անգամ Արցախի պետական համալսարանում։
Առցանց մշտադիտարկման ընթացքում ՈԱԱԿ մասնագետները և փորձագետը դիտարկել են բուհի որակի ապահովման համակարգի գործունեությունն արտակարգ իրավիճակի պայմաններում, ինչպես է ԱրՊՀ կառավարման համակարգն արձագանքել ստեղծված իրավիճակին, որքանով է բուհը պատրաստ ռիսկերի կառավարմանը։
Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել բուհի ռեկտորի, պրոռեկտորների, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների, ուսանողների, Որակի ապահովման բաժնի պատասխանատուների և ինքնավերլուծություն իրականացրած խմբի ներկայացուցիչների հետ։
ՈԱԱԿ-ը կարևորում է մշտադիտարկումը որպես ՄՈՒՀ-ի հետ համագործակցության միջոց․ այն հնարավորություն է տալիս պարզաբանելու առկա խնդիրները և դիտարկելու ուսումնական հաստատության առաջընթացը։ COVID 19-ի համավարակով ստեղծված իրավիճակում ՄՈՒՀ-երի հետ համագործակցությունը և հնարավոր խնդիրների դիտարկումն առավել արդիական է։ Հետևաբար ՈԱԱԿ-ը շարունակում է մշտադիտարկումները նաև արտակարգ դրության պայմաններում։
Ավելի վաղ ՈԱԱԿ-ն առցանց մշտադիտարկում է իրականացրել Գորիսի պետական համալսարանում և Եվրոպական համալսարանում։