Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնն (ՈԱԱԿ) այսօր մշտադիտարկում է իրականացնում «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում։
Քանի որ բուհն ինստիտուցիոնալ հավատարմագրում չի անցել, առցանց այցի ընթացքում ՈԱԱԿ մասնագետները կդիտարկեն ուսումնական հաստատության որակի ներքին ապահովման համակարգի գործունեությունը։
Բուհի վարչական ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպումների ընթացքում կքննարկվի, թե ինչպես է ուսումնական հաստատությունն ինստիտուցիոնալ առումով արձագանքում առցանց ուսուցման մարտահրավերներին, ինչպես է ապահովում վերջնարդյունքները և պրակտիկ հմտությունների ձեռքբերումն առցանց ուսուցման պայմաններում, ինչպես է իրականացվում բուհ-գործատու համագործակցությունը, ՄԿԾ-ների բարելավման ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվել և այլն։
Ուշադրության կենտրոնում կլինեն նաև ուսումնական հաստատության ռեսուրսներով ապահովվածությանը, ուսանողների՝ կրթական, հետազոտական և որակի ապահովման գործընթացներում ներգրավվածությանը, շահակիցների հետ հաղորդակցությանը և նրանց կարիքների վերհանմանն առնչվող հարցեր։
Նշենք, որ ՈԱԱԿ-ը կարևորում է մշտադիտարկումը որպես ՄՈՒՀ-ի հետ համագործակցության միջոց․ այն հնարավորություն է տալիս պարզաբանելու առկա խնդիրները և դիտարկելու ուսումնական հաստատության առաջընթացը։ Մշտադիտարկումներ իրականացվում են թե ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող, թե դեռևս ինստիտուցիոնալ հավատարմագրում չանցած ուսումնական հաստատություններում։