Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) սեպտեմբերի 25-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Հայաստանում ֆրանսիական քոլեջում:
Այցի ընթացքում հանդիպում-քննարկումներ տեղի ունեցան քոլեջի տնօրենի և փոխտնօրենի, ամբիոնների վարիչների, դասախոսների, որակի ապահովման պատասխանատուի, ուսանողների հետ:
Ուշադրության կենտրոնում ՄՈՒՀ-ում ծավալվող որակի ապահովման գործընթացներն էին և ՄԿԾ-ների բարելավման ուղղությամբ աշխատանքները։ Քննարկվեց, թե ՄՈՒՀ-ում ինչպես են ՄԿԾ-ները մշակվում, ինչ մեթոդաբանությամբ է տեղի ունենում մշտադիտարկումը և դրա արդյունքում՝ բարելավումը։ Այդ համատեքստում անդրադարձ տեղի ունեցավ գործատուների հետ համագործակցությանը, պրակտիկաների կազմակերպմանը, աշխատաշուկա անցնելուն պատրաստ և մրցունակ մասնագետների թողարկմանը:
Քննարկվեց նաև.
- հանրակրթական առարկաների ժամանակագրական բաշխվածությունը, դասավանդման ընթացքում ի հայտ եկող խնդիրները, բարելավման առաջարկությունները,
- հետազոտական աշխատանքների խրախուսման մեթոդաբանությունը, մասնագիտական նորությունները լսարան հասցնելու և նորարարություններին տեղյակ և կիրառող ուսանողներ պատրաստելու փորձը և մեթոդաբանությունը,
- առաջադրանքների միջոցով հետազոտական կարողություններ, խնդիրներ լուծելու հմտություններ ձևավորելու հնարավորությունը, արհեստական բանականության կիրառումը առաջադրանքներում,
- բուհում և քոլեջում դասավանդման տարբերությունները, պրակտիկ կրթության կարևորությունը,
- դասախոսների ընտրության կարգը, դասախոսներին ներկայացվող պահանջները, նորեկ դասախոսին մեթոդական աջակցության, փորձի փոխանակման գործիքակազմը,
- դիմորդների հավաքագրման, ուսանողների և դասախոսների կարիքների վերհանման և արձագանքելու մեխանիզմները,
- արդյունավետության գնահատման ցուցիչները և ստորաբաժանումների հաշվետվողականության մեխանիզմները,
- օտար լեզուների դասավանդման քաղաքականությունը և մեթոդաբանությունը։
Կարևորվեց ՄՈՒՀ-ի ակտիվ գործունեությունը միջազգայնացման ուղղությամբ, միջազգային գործընկերների կողմից կազմակերպվող մասնագիտական կարճաժամկետ դասընթացներին քոլեջի ուսանողների մասնակցության հնարավորությունը։ Ընդգծվեց ՄՈՒՀ-ի կողմից ուսանողների օտար լեզվի իմացության մակարդակի պարբերական գնահատումների կարևորությունը և այդ տվյալներն ուսումնական գործընթացի բարելավման նպատակով կիրառելու հնարավորությունը։
Մշտադիտարկման ավարտին ՈԱԱԿ մասնագետները մատնանշեցին ՄՈՒՀ-ի լավագույն փորձը և բարելավման ուղղությունները: