Մասնագիտական կրթական ծրագրերի հավատարմագրան գործընթացի կազմակերպման նպատակով ՈԱԱԿ-ը՝ ՀՀ ԿԳ նախարարության հետ համագործակցելով, մշակել է նոր կարգի նախագիծ։ Մասնագիտական կրթության որակի ապահովման նոր մոտեցումներն ու մեխանիզմները սահմանող այս կարգը կոչվում է «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթության որակի արտաքին գնահատման կարգ»։
Նախագիծը սահմանում է որակի ապահովման հաջորդական երկու գործընթաց։ Առաջինն ինստիտուցիոնալ կարողությունների փորձաքննությունն է, որը նախատեսվում է որպես պարտադիր գործընթաց՝ մասնագիտական կրթական բոլոր հաստատությունների համար՝ անկախ դրանց իրավակազմակերպական ձևից։ Երկրորդը՝ մասնագիտական կրթական ծրագրերի հավատարմագրումն է՝ կամավորության սկզբունքով։
Հասարակության լայն շրջանակի համար նոր գործընթացի հրապարակայնությունն ապահովելու համար կարգը նախատեսում է որակի արտաքին գնահատման թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքների հրապարակում՝ Հավատարմագրման պետական գրանցամատյանում։ Վերջինս իրենից ներկայացնելու է Հայաստանում գործող ու որակի փորձաքննություն անցած կրթական բոլոր ծրագրերի վերաբերյալ համապարփակ ու պաշտոնական տեղեկատվական բազա։