Սեպտեմբերի 9-10-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) իրականացրեց ՄԿՈՒ փորձագետների հերթական վերապատրաստումը: Երկօրյա դասընթացին մասնակցեցին բուհերի և քոլեջների աշխատակիցներ:
Վերապատրաստման ընթացքում անդրադարձ կատարվեց հետևյալ թեմաներին՝
- Փորձագիտական աշխատանքի և ՄՈՒՀ այցի առանձնահատկություններ,
- Փորձագետների կողմից հարցադրումների ձևակերպում և կիրառելի տեղեկությունների հավաքագրում,
- Բարելավման թիրախային և իրագործելի խորհրդատվության ձևակերպում,
- Փորձագիտական զեկույցի շարադրման սկզբունքներ:
Կարևորվեց, որ փորձագետներն իրենց աշխատանքի ընթացքում կարողանան.
- ՄՈՒՀ-ում համագործակցային մթնոլորտ ձևավորել,
- Ապահովել ստացված տեղեկությունների հավաստիությունը մի քանի աղբյուրներից ստուգելու միջոցով,
- Դիտարկել ՄՈՒՀ-ի գործունեությունը ռազմավարական և տվյալահենք կառավարման և որակավորումների արժանահավատ շնորհման համատեքստում:
Դասընթացի շրջանակներում փորձագետներն ուսումնասիրեցին պայմանական ՄՈՒՀ-ի տվյալները և խաղարկված փորձագիտական այց իրականացրին՝ ՄՈՒՀ-ի գործունեության օբյեկտիվ պատկերը ստանալու և բարելավման խորհրդատվություն ներկայացնելու նպատակով:
Վերապատրաստված մասնագետները կընդգրկվեն ՈԱԱԿ փորձագետների բազայում և հետագայում կներգրավվեն ՄՈՒՀ-երի հավատարմագրման գործընթացներում: