Մարտի 7-ին ՈԱԱԿ-ի նախաձեռնությամբ առցանց շարունակվեց Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) կողմից մշակված ՄԿՈՒ համակարգի հայտորոշման գործիքի փորձարկումը։ Գործընթացի նպատակն է գնահատել ՄԿՈՒ համակարգի ներկա վիճակը, բացահայտել լավագույն փորձերը և ի հայտ բերել բարելավման տիրույթները։
ETF-ի ՄԿՈՒ քաղաքականության մշակման առաջատար մասնագետ Մունիր Բաատին նշեց, որ արդյունքները վերլուծվելու են, և մայիսին Երևանում նախատեսվող համաժողովի ընթացքում կներկայացվեն ՄԿՈՒ համակարգի բարելավման ենթակա ոլորտները և ուժեղ կողմերը։
Բաատին ընդգծեց, որ յուրաքանչյուր ոլորտի համար փորձ է արվում հասկանալ՝ ինչ և ինչպես է արվում, ինչպես է գնահատվում գործընթացների արդյունավետությունը և ինչ սկզբունքներով են որոշվում հետագա անելիքները և բարելավման ուղղությունները։
Հայտորոշման գործիքը հիմնված է EQAVET (ՄԿՈՒ ոլորտում որակի ապահովման եվրոպական շրջանակ) ցուցիչների վրա և ներառում է հինգ հիմնական տիրույթ։ Այս փուլում Հայաստանում դիտարկվել են հետևյալ երեք տիրույթները՝
- Քաղաքականություն և կառավարում,
- Գնահատում, վավերացում և հավաստագրում,
- Տվյալների և գիտելիքի ստեղծում։
Իսկ 2024թ. հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած հայտորոշման գործիքի փորձարկման առաջին փուլի ընթացքում դիտարկվել էին երկու տիրույթ՝
- Որակավորումների հիմքում դրված պետական կրթական չափորոշիչները,
- Կրթական ծառայությունների մատուցումը։
Հայտորոշման գործիքի փորձարկման նպատակով ETF-ի մասնագետներն առցանց հանդիպումներ ունեցան ՀՀ ՄԿՈՒ համակարգի ներկայացուցիչների, գործատուների, ՈԱԱԿ փորձագետների հետ։
Հավաքագրված տվյալների հիման վրա ՈԱԱԿ-ը կիրականացնի ՄԿՈՒ համակարգի ինքնավերլուծություն՝ ըստ հայտորոշման գործիքի ձևաչափի։ Փորձարկման արդյունքում ՀՀ ՄԿՈՒ համակարգը միջազգային չափանիշների հիման վրա կանցնի մանրակրկիտ գնահատում՝ բարելավման խորհրդատվություն ստանալով միջազգային փորձագետներից, իսկ ՈԱԱԿ-ի արձագանքների հիման վրա ETF-ը կբարելավի և կլրամշակի ՄԿՈՒ հայտորոշման գործիքը։
Հայաստանում իրականացված փորձարկման արդյունքները կներկայացվեն նաև հունիսի 17-18-ին Թուրինում կայանալիք ETF տարեկան ժողովում։
Նշենք, որ մինչ այս հայտորոշման գործիքը փորձարկվել է Սերբիայում։