Մայիսի 16-18-ը գործընկերային այցի շրջանակում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի աշխատակից Անահիտ Տերտերյանը Մոլդովայում ծանոթացան միջին մասնագիտական կրթական համակարգին, որը կազմակերպել էր Եվրոպական կրթական հիմնադրամը (ETF- European Training Foundation):
2017թ․ Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից (հայերեն՝ ՀԿՀ) գործարկվել է Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) որակի ապահովման ֆորումը։ Այն իրենից ներկայացնում է միջազգային համագործակցության նախաձեռնություն՝ ՄԿՈՒ հաստատությունների որակի ապահովման գործընթացներ իրականացնող ազգային 16 կառույցների միջև, որոնք իրենց հերթին հանդիսանում են ԵՀԿ անդամ:
Ֆորումի նպատակն է միջազգային համագործակցության միջոցով աջակցել անդամ երկրներին՝ արդիականացնելու և բարելավելու ՄԿՈՒ համակարգի որակի ապահովման գործընթացը` ապահովելով փորձի փոխանակման համար անհրաժեշտ համատեքստ և պայմաններ:
Մոլդովա իրականացված այցի շրջանակում մասնակից երկրները դիտարկել են ՄԿՈՒ համակարգը՝ ինստիտուցիոնալ ներդրումից մինչև գործական կիրառում։ Իրականացրել են այց Էներգետիկայի և Տեղեկատվական տեխնոլոգիաների գերազացնության կենտրոններ, որից հետո հանդիպումներ են եղել Մոլդովայի Կրթության և գիտության նախարարության ներկայցացուցիչների, ՄԿՈՒ ոլորտը համակարգողների և ոլորտային հավատարմագրման հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, որոնց ֆորումի մասնակից երկրների ներկայացուցիչները տվել են արձագանք մոլդովական ՄԿՈՒ համակարգի աշխատանքի դրական և բարելավման ենթակա կողմերի վերաբերյալ։ Իր հերթին՝ մոլդովական կողմը գործընկեր կազմակերպությունների տված արձագանքները համարել է օգտակարգ և գոհունակություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար։
Ֆորումի շրջանակում մասնակից երկրների նախորդ կանգառը Վրաստանն էր, որտեղ ուսումնասիրել էին սովորողների հմտությունների ձևավորման ընթացքը ՄԿՈՒ ոլորտում։
2024թ․ նախատեսվում է ՄԿՈՒ համակարգի գնահատում իրականացնել նաև Հայաստանում, որի ընթացքում կներկայացվի հայաստանյան լավագույն փորձը։ Կազմակերպման և իրականացման աշխատանքները կստանձնի ՈԱԱԿ-ը ՝ իրավասու այլ կազմակերպությունների հետ միասին։