Հոկտեմբերի 30-31-ը ՈԱԱԿ նախաձեռնությամբ ՀՀ-ում փորձարկվեց Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) կողմից մշակված ՄԿՈՒ համակարգի հայտորոշման գործիքը, որի նպատակն է գնահատել ՄԿՈՒ համակարգի ներկա վիճակը, բացահայտել լավագույն փորձերը և ի հայտ բերել բարելավման հեռանկարները։
Հայտորոշման գործիքի կիրառման նպատակով ETF-ի ՄԿՈՒ քաղաքականության մշակման առաջատար մասնագետ Մունիր Բաատին Հայաստանում հանդիպեց ՄԿՈՒ համակարգի ներկայացուցիչների հետ։ Երկօրյա այցի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ ԿԳՄՍՆ, ՄԿՈՒԶԱԿ, ՈԱԱԿ ներկայացուցիչների, քոլեջների տնօրենների, որակի ապահովման պատասխանատուների, ՈԱԱԿ փորձագետների և գործատուների հետ՝ նպատակ ունենալով ապահովել շահակիցների բազմակողմանի ներգրավվածությունը։
Հայտորոշման գործիքը հիմնված է EQAVET (ՄԿՈՒ ոլորտում որակի ապահովման եվրոպական շրջանակ) ցուցիչների շրջանակի վրա: Այն ներառում է հիմնական հինգ տիրույթ՝
- Քաղաքականություն և կառավարում,
- Որակավորումների հիմքում դրված պետական կրթական չափորոշիչներ,
- Կրթական ծառայությունների մատուցում,
- Գնահատում, վավերացում և հավաստագրում,
- Տվյալների և գիտելիքի ստեղծում։
ՀՀ-ում գործիքի փորձարկման ընթացքում դիտարկվել են երկու տիրույթներ՝ որակավորումների հիմքում դրված պետական կրթական չափորոշիչներ և կրթական ծառայությունների մատուցում: Շահակիցնրի հետ քննարկվել են պետական կրթական չափորոշիչների մշակման և տեղայնացման, դուալ կրթության կազմակերպման, դասախոսական, վարչական համակազմերի կարիքների վերհանման և կարողությունների շարունակական զարգացման, ինչպես նաև կրթական գործընթացում գործատուների ներգրավման հարցեր:
Հավաքագրված տվյալների հիման վրա ՈԱԱԿ-ը կիրականացնի ՄԿՈՒ համակարգի ինքնավերլուծություն՝ ըստ հայտորոշման գործիքի ձևաչափի: Արդյունքները կներկայացվեն ETF-ին, իսկ վերջնական ամփոփումը նախատեսվում է 2025 թվականի հունվարին: