Ապրիլի 17-ին ՈԱԱԿ-ում կայացավ կրթական ծրագրերի ներքին աուդիտի կազմակերպմանն ու ընթացիկ փորձի քննարկմանը նվիրված երրորդ աշխատաժողովը։
Ներքին աուդիտը բարձրագույն ուսումնական հաստատությունների համար պարտադիր գործընթաց է՝ սահմանված ՈԱԱԿ-ի հավատարմագրման հանձնաժողովի որոշումներով։
Հանդիպման հիմնական շեշտադրումն այն էր, որ աուդիտը չպետք է սահմանափակվի միայն փաստաթղթերի և կանոնակարգերի համապատասխանության ստուգմամբ։ Այն պետք է դառնա կրթական ծրագրի բովանդակային վերլուծության գործիք՝ գնահատելով յուրաքանչյուր բաղադրիչի արդյունավետությունը, օրինակ՝ դասավանդման մեթոդների, գնահատման գործիքների և վերջանդյունքների կապը, ինչպես նաև ուսանողների հետազոտական կարողությունների ձևավորման մակարդակը։
«Աուդիտի նպատակը միայն չափանիշներին համապատասխանելը չէ, այլ հասկանալն է՝ կրթական ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչ արդյոք նպաստում է վերջնարդյունքների ձևավորմանը, թե ոչ»,- նշեց ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Աշխատաժողովի ընթացքում բուհերը ներկայացրին իրենց փորձը, մարտահրավերները և հաջողված լուծումները։ Նշվեց, որ աուդիտը պետք է լինի մասնակցային գործընթաց, որտեղ հստակ նախանշվում են հիպոթեզներ, և իրականացվում է դրանց իրական գնահատում։ Կարևորվեց նաև, որ աուդիտի պլանավորումն ու իրականացումը պետք է լինի պարբերական՝ դառնալով որակի ապահովման համակարգի ակտիվ բաղադրիչ։
Ներքին աուդիտի իրականացման ընթացքը և արդյունքները ներկայացրին Շիրակի պետական համալսարանի, ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի, Գորիսի պետական համալսարանի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները։