Շահակիցների միջև երկխոսության խթանման և լավ փորձի տարածման նպատակով ՈԱԱԿ-ը ձևավորել է հարթակ՝ հնարավորություն տալով բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին կիսվելու կրթական ծրագրերի լավարկման ուղղությամբ կատարված աշխատանքներով։Սեպտեմբերի 8-ին կայացած հերթական հանդիպումը մեկնարկեց Շիրակի պետական համալսարանի գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանի՝ «ՄԿԾ-ների որակի ապահովման գործընթացները ՇՊՀ-ում» թեմայով փորձի փոխանակմամբ: Արմենուհի Սարգսյանը նշեց, որ ինստիտուցիոնալ հավատարմագրման 1–ին և 2–րդ շրջափուլերը համակարգային զարգացման հնարավորություն են տվել ՇՊՀ–ին։ Կարևոր փոփոխությունների, բարելավումների համար առկա են համապատասխան ընթացակարգեր, որոնք մշակվել են համալսարանի ստորաբաժանումների համագործակցությամբ։
Այնուհետև Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կրթական ծրագրերի մշակումների բաժնի ղեկավար Ռուզաննա Մինասյանը կիսվեց ՄԿԾ-ների արդիականացման ՀԳՊԱ-ի փորձով։ Ռուզաննա Մինասյանը շեշտադրեց վերհանված կարիքների հիման վրա բարելավումների իրականացման կարևորությունը և փոփոխության բոլոր փուլերում արտաքին և ներքին շահակիցների ակտիվ ներգրավումը։
Նշենք, որ առցանց հանդիպում-քննարկմանը ներկա էին շուրջ 90 ներկայացուցիչներ հայաստանյան տարբեր բուհերից։
Ինստիտուցիոնալ հավատարմագրմանը զուգընթաց ծրագրային հավատարմագրման մեկնարկի նպատակով ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի կողմից կարևորվեց բուհերի ներուժի մեծացումը և հզորացումը։ Հատկանշական է ՄԿԾ բարելավման գործընթացը սկսել շրջանավարտի մասնագիտական հետագծի ուսումնասիրությունից։ Կրթական ծրագրի պատասխանատունների ուշադրության կենտրոնում պետք է լինեն շրջանավարտի մասնագիտական ուղին, լսելն ու նրա արձագանքները և կարիքները վերլուծելը։
ՈԱԱԿ-ը խրախուսում է հաստատությունների կողմից փորձի փոխանակման գործընկերային քննարկումների իրականացումը։ Այդ նպատակով առաջիկայում ևս նման հանդիպումները շարունակական բնույթ կկրեն։
Շնորհակալություն ենք հայտնում բանախոսներին իրենց ելույթների և մասնակիցներին արդյունավետ քննարկման համար։