Սեպտեմբերի 16-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ մշտադիտարկում՝ նվիրված բուհի և քոլեջի որակի ներքին ապահովման համակարգի ընթացիկ զարգացումների դիտարկմանը։ Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան հաստատության ղեկավար կազմի, ամբիոնների վարիչների, դասախոսների, բուհի և քոլեջի ուսանողների հետ։
Քննարկումների ընթացքում կարևորությունը տրվեց կրթական գործընթացների թվայնացման գործընթացին, որը բուհում արդեն մեկնարկել է և ունի շարունակական բնույթ։ Անդրադարձ կատարվեց կրթական ծրագրերի բարելավմանը՝ շեշտադրելով․
- գործատուների պահանջների հիման վրա կրթական ծրագրերի բարելավումների իրականացումը,
- ձևավորող գնահատման կարևորությունը՝ ուսանողին տրվող հետադարձ կապի առանձնահատկությունները հաշվի առնելով,
- գնահատման չափանիշների հստակեցումը՝ հաշվի առնելով հաստատությունում իրականացվող կրթական ծրագրերի ուղղությունները,
- բոլոր վերջնարդյունքների ստուգման անհրաժեշտությունը կարողունակ մասնագետներ պատրաստելու համար,
- արհեստական բանականության կիրառման հնարավորություններն ուսանողներին տրվող առաջադրանքների մշակման, ինչպես նաև դրա հնարավոր մարտահրավերները՝ գնահատման օբյեկտիվությունն ու ուսանողի ինքնուրույն աշխատանքն ապահովելու համար։
Մշտադիտարկման առանցքում էին որակի ապահովման գործընթացները և դրանց ազդեցությունը կարիքների վերհանման ու լավագույն փորձի բացահայտման գործում։ Հաստատության ներկայացուցիչների հետ քննարկվեցին նաև կառավարման համակարգի ցուցիչների կիրառումը, բուհի զարգացման առաջնահերթությունների համար ռեսուրսների պլանավորման գործընթացները։
Մշտադիտարկումն ամփոփվեց բուհի զարգացման հեռանկարների շուրջ քննարկումներով, որոնց ընթացքում շեշտադրվեց միջդիսցիպլինար համագործակցության զարգացման անհրաժեշտությունն ուսանողների մասնագիտական կարողությունների առավելագույն զարգացման և աշխատաշուկա մուտք գործելուն պատրաստ շրջանավարտների թողարկման համար։