Դեկտեմբերի 13-ին «Էրազմուս+ տեղեկատվական օրեր 2023» միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Էրազմուս+ «Կարողությունների զարգացում Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտում» գործողության վերաբերյալ տեղեկատվական առցանց հանդիպումը։ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն իր ելույթում շեշտադրեց Էրազմուս+ ծրագրերում ՄԿՈւ հաստատությունների ներգրավման կարևորությունը, անդրադարձավ այն հարցերին, թե ինչպես խթանել ՄԿՈւ հաստատությունների կարողությունների զարգացումը տնտեսական աճին նպաստելու համար, և որն է միջազգայնացման դերը համագործակցության և փոխուսուցման հնարավորությունների ստեղծման համար։
Քննարկման առանցքում էին․
- տեղական աշխատուժի զարգացման կարևորությունը,
- եվրոպական հաստատությունների հետ համագործակցության հաստատման հնարավորությունները և դրանց դերը փորձի փոխանակման և լավագույն փորձի տեղայնացման նպատակով,
- օտար լեզվի իմացության մակարդակի բարձրացումը,
- հավատարմագրման դերը՝ որպես որակավորումների ճանաչման համար կարևոր գործիք,
- կրթական ծրագրերի համահնչեցման մոտեցումները։
Ելույթի ընթացքում առանձնացվեցին նաև այն ուղղությունները, որոնց զարգացման ուղղությամբ համապատասխան ծրագրեր կարող են մշակվել ՄԿՈւ հաստատությունների կողմից, դրանք են․
- որակի ապահովման համակարգի զարգացումը ՄԿՈւ հաստատություններում,միջազգայնացման և համագործակցության հնարավորությունների ստեղծումը փորձի փոխանակման նպատակով,
- ռազմավարական կառավարման գործիքակազմերի զարգացումը,
- կրթական ծրագրերի համահնչեցումը Որակավորումների ազգային շրջանակին և որակավորումների ճանաչումը,
- գործատուների ներգրավումը ՄԿՈւ հաստատությունների կարողությունների զարգացման համար։
Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը՝ «Համագործակցության ստեղծում և պահպանում միջազգային գործընկերների հետ» թեմայով, և Հայ-ֆրանսիական քոլեջի տնօրեն Գոհար Գրիգորյանը՝ «IMProve and PROmote VET in Armenia» (IMPROVET-AM) CBVET նախագծի ներկայացմամբ։
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերին դիմելու համար անհրաժեշտ քայլերը, գործընկերների հետ կապեր հաստատելու հնարավորությունները և ծրագրերում ներգրավվելու արդյունքում ակնկալվող արդյունքները։
Քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հարցերը խոսնակներին և կիսվելու իրենց փորձառությամբ։