Հոկտեմբերի 17-18-ին Երևանում տեղի կունենա Բարձրագույն կրթության որապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) 10-րդ ընդհանուր վեհաժողովը։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանի խոսքով՝ այս վեհաժողովը 2015-ին Հայաստանում տեղի ունեցած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի տրամաբանական շարունակությունն է․ Երևանի կոմյունիկեով շեշտադրվեց ուսանողակենտրոն, ուսուցանող կրթությունը, այժմ նույն քննարկումը շարունակվելու է որակի ապահովման տեսանկյունից։
Երկօրյա միջոցառման ընթացքում կքննարկվի, թե որոնք են բարձրագույն կրթության որակի ապահովման մարտահրավերները և ինչպիսին պետք է լինի կրթության որակի ապահովումն ապագայում, ինչ դերակատարություն են ունենալու ENQA-ն և նրա անդամներն ապագայի զարգացումներում, ինչպիսին է լինելու Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի ռազմավարությունը 2021-2025թթ․ համար։ Բացի այդ, կքննարկվեն հետխորհրդային երկրների խնդիրները կրթության որակի ապահովման ոլորտում, տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ հավատարմագրումները՝ որպես տարածաշրջանի երկրների նկատմամբ վստահություն ձևավորելու միջոց։
Վեհաժողովին կմասնակցեն ENQA-ի անդամ հավատարմագրման գործակալությունները ներկայացնող 100-ից ավել կրթության կառավարման և որակի ապահովման մասնագետներ Բոլոնիայի անդամ երկրներից։ Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք կհղեն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆ Գրոլիմունդը։
Վեհաժողովի կազմակերպիչներն են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA)։
Հոկտեմբերի 16-ին հիմնական վեհաժողովից առաջ տեղի կունենա նախնական միջոցառում «Բացահայտեք հայկական մշակույթը ՈԱԱԿ-ի հետ» խորագրով, որի ընթացքում օտարերկրյա հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական պատմամշակութային մի շարք հուշարձանների, հայկական խոհանոցին և ծիսական մի քանի ավանդույթների։
ENQA-ն եվրոպական ցանց է, որը միավորում է եվրոպական բարձրագույն կրթական տարածքում (ԵԲԿՏ) գործող որակի ապահովման գործակալությունները։ Կառույցի նպատակն է նպաստել բարձրագույն կրթության որակի ապահովմանը ԵԲԿ տարածքում և խթանել համագործակցությունը կրթության որակի ապահովման ոլորտում։ ՈԱԱԿ-ը ENQA լիիրավ անդամ է 2017 թվականից ի վեր։
Վեհաժողովի օրակարգը հասանելի է հղման ներքո․