Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը մասնակցել և զեկույցներով է հանդես եկել ՌԴ-ում կազմակերպված բարձրագույն կրթության որակի ապահովմանը նվիրված երկու միջոցառումներում։
Ապրիլի 21-ին Մոսկվայում տեղի է ունեցել կլոր-սեղան քննարկում «Տեղեկատվության միջոցների դերը որակի ապահովման և կրթության ճանաչման գործընթացներում» թեմայով։
Քննարկմանը մասնակցել են կրթության որակի ապահովման ոլորտի և բուհերի ներկայացուցիչներ Ռուսաստանից, ինչպես նաև որակի ապահովման և ակադեմիական փոխճանաչման գործակալությունների ղեկավարներ Շվեյցարիայից, Հայաստանից, Լատվիայից։ Քննարկվել է, թե ինչ տեխնոլոգիաներ են կիրառվում միջազգային հավատարմագրման գործընթացների պարագայում, ինչպես է համահնչեցվում որակավորումների ազգային շրջանակը և օտարերկրյա կրթության ճանաչումը։ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը զեկույց է ներկայացրել «Ցանցային համագործակցություն Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) շրջանակներում» թեմայով:
Իսկ ապրիլի 23-24-ին տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային խորհրդակցությունը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների բուհերի և որակի ապահովման գործակալությունների մասնակցությամբ։ Երկօրյա համաժողովը կրել է «Որակի ապահովման դերը բարձրագույն կրթությունում․ մարտահրավերներ, զարգացումներ և միտումներ» խորագիրը։
Համաժողովի կազմակերպիչներն են Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցը (INQAAHE), ՌԴ Հավատարմագրման ազգային գործակալությունը և Կրթության որակի վերահսկման և կարիերայի զարգացման գործակալությունը։
Համաժողովին մասնակցել են որակի ապահովման գործակալությունների և բուհերի ներկայացուցիչներ Ռուսաստանից, Հայաստանից, Շվեյցարիայից, Սլովենիայից, Լիտվայից, Լատվիայից, Մոլդովայից, Էստոնիայից, Ղրղզստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և այլն։
Երկօրյա համաժողովի ընթացքում քննարկվել են որակի ապահովման գործընթացներում առկա մարտահրավերները և միտումները, միջազգայնացման և փոխճանաչման խնդիրները, ուսանողների մասնակցությունը բուհերում կրթության որակի ապահովմանը, գործատուների մասնակցությունը կրթական ծրագրերի բարելավման և որակի ապահովման գործընթացներում։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը միջազգային համաժողովում զեկույց է ներկայացրել «Բարձրագույն կրթության և որակի ապահովման համապատասխանությունը» թեմայով։ Պարոն Թոփչյանը մեկնաբանել է որակի ապահովման շահակիցների հաղորդակցության առանձնահատկությունները, ներկայացրել ՈԱԱԿ-ի կողմից մշակված և հաջողությամբ փորձարկված բուհ-գործատու համագործակցության մոդելը։ Այն ոչ միայն միջնորդավորված կերպով ապահովում է բուհի և գործատուի արդյունավետ համագործակցությունը և կրթական ծրագրերի համապատասխանությունը աշխատաշուկայի կարիքներին, այլ նաև ոլորտային որակավորումների շրջանակ ստեղծելու գործիք է։
Համաժողովի շրջանակներում «Բարձրագույն կրթության որակի ապահովում» թեմայով ելույթ է ունեցել Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի նախագահ Սուսաննա Կարախանյանը (INQAAHE):
Տարածաշրջանային համաժողովի արդյունքում դուրս բերված խնդիրներն ու եզրահանգումները հիմք կդառնան կրթության որակի ապահովմանը նվիրված համաշխարհային համաժողովի համար, որի համակազմակերպիչներից է INQAAHE-ն։