«Որակի ապահովումը բարձրագույն ուսումնական հաստատություններում / բոլոնյան ռեֆորմներ» խորագրով սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել միջազգային համաժողով։ Այն կազմակերպել է Ակադեմիական փոխանակման գերմանական ծառայությունը (DAAD)։ Տարածաշրջանի այլ երկրների շարքում համաժողովին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը, որի կազմում էին նաև ՈԱԱԿ-ի ներկայացուցչիներ Ա.Ութմազյանը և Ի.Հովհաննիսյանը։
Համաժողովում քննարկվել են կրթական ծրագրի մակարդակում որակի ապահովմանը, կրթության որակի ներքին գնահատմանը, ինչպես նաև կրթական ծրագրերի մշակման գործիքակազմի վերաբերյալ հարցեր։
Մասնակից յուրաքանչյուր երկիր ներկայացրել է իր իրականացրած քայլերն այդ ուղղությամբ, դրանց հետ կապված հաջողությունները և դժվարությունները:
ՈԱԱԿ-ի ներկայացուցչիները նշել են, որ կենտրոնն արդեն իսկ մշակել է մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային համակարգի նոր մոտեցումները, մասնագիտական կրթության որակի ապահովման ՈԱԱԿ չափանիշներն ու չափորոշիչները, ինքնագնահատման ձևաչափերը: Դրանց նախագծերը համակարգի շահակիցների հետ քննարկելու համար վերջերս կազմակերպվել է համաժողով, ինչպես նաև իրականացվել է կրթական ծրագրերի փորձաքննության փորձնական ծրագիր։ Նախագծերի քննարկումներն առաջիկայում կշարունակվեն, արդեն սկսվել է նաև ինստիտուցիոնալ փորձաքննության իրականացման փորձնական երկրորդ ծրագիրը։