Սույն թվականի հոկտեմբերի 20-21-ին Լատվիայի Ռիգա քաղաքում տեղի է ունեցել «ԵԲԿՏ որակավորումների շրջանակին համադրելի եռաստիճան համակարգ» թեմատիկ Ա խմբի հանդիպումը «Միկրո-որակավորումների դերը որակավորումների ազգային շրջանակներում» թեմայով, որին որպես ՀՀ ներկայացուցիչ մասնակցել է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ավագ մասնագետ Անի Մկրտչյանը։
Հանդիպման նպատակն էր ԵԲԿՏ անդամ պետությունների համար ստեղծել հարթակ, որտեղ կքննարկվեն միկրո-որակավորումների ներդրման և կիրառման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև երկրներին հնարավորություն ընձեռել որակավորումների շրջանակների հիմնական առաջնահերթությունների վերաբերյալ քննարկումներ ծավալել։ Հանդիպումը Erasmus + “QUATRA-TPG A - Qualifications Frameworks for trust, transparency and diversity – TPG A” ծրագրի առաջին միջոցառումն էր։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է միկրո-որակավորումների վերաբերյալ եվրոպական մոտեցումները և իրականացված հետազոտությունների արդյունքները։ Քննարկվել են միկրո-որակավորումների տարբեր մեկնաբանություններ, դիրքորոշումներ և գլոբալ նախաձեռնություններ։ Միկրո-որակավորումները Բոլոնիայի անդամ պետությունների զգալի մեծամասնության կողմից առանձնացվել է որպես առանցքային առաջնահերթություն։ Առանձնակի կարևորության է արժանացել միկրո-որակավորումների որակի ապահովման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում անդամ պետությունները ներկայացրել են իրենց երկրներում առկա մարտահրավերներն ու լավագույն փորձը։
Հանդիպման վերջում Հայաստանի ներկայացուցիչ Անի Մկրտչյանը ընտրվել է որպես աշխատանքային խմբի համանախագահող։
Հանդիպման երկրորդ օրը տեղի են ունեցել ինքնահավաստագրման, միկրո-որակավորումների և կարճ-ցիկլ որակավորումների աշխատանքային խմբերի հանդիպումները։ Պլանավորվել են հետագա գործողությունները և համագործակցության շրջանակը։