«Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ» քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Նոյեմբերի 9-12-ը փորձագիտական խումբը ՈԱԱԿ համակարգմամբ արտաքին գնահատում կիրականացնի ուսումնական հաստատությունում։ Ուշադրության կենտրոնում են ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների տիրույթները։
Այդ նպատակով առցանց հանդիպումներ տեղի կունենան քոլեջի տնօրենի, փոխտնօրենի, ինքնավերլուծություն իրականացրած աշխատանքային խմբի, որակի ապահովման պատասխանատուների, ՄԿԾ-ների պատասխանատուների, ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև դասախոսների, ուսանողների, շրջանավարտների և գործատուների ներկայացուցիչների հետ։
Մինչ առցանց գործընթացը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, նախնական գնահատում իրականացրել։
Քոլեջում արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի ղեկավարն է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՊՏՀ դասախոս Արմենուհի Մհերյանը։
Խմբի մյուս անդամներն են ԿԳՄՍՆ «Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Վարդուհի Ավետիսյանը, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊԲՀ համակարգչային քննությունների կազմակերպման բաժնի պետ Շուշանիկ Աֆրիկյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողուհի Լիլիթ Մկրտչյանը։
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Գայանե Անանյանը։
Նշենք, որ ՈԱԱԿ-ը առցանց մշտադիտարկումների և արտաքին գնահատումների համար որոշակի ընթացակարգ է մշակել՝ հաշվի առնելով թե տեղական, թե միջազգային փորձը։ Մինչ այս թե փորձագետների, թե ՄՈՒՀ-ի ներկայացուցիչների հետ արտաքին գնահատման առցանց գործընթացի վերաբերյալ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել, ներկայացվել են կարևոր նախապայմանները, հնարավոր խնդիրները և լուծման մոտեցումները։