Հոկտեմբերի 23-24-ին Հռոմում ընթանում է «Դեպի Եվրոպական համալսարանների որակի ապահովման շրջանակ» խորագրով աշխատաժողովը։ Սա Էրազմուս+ EUniQ ծրագրի առաջին աշխատանքային ժողովն է, որը մեկ տեղում է միավորել ծրագրի բոլոր գործընկերներին։ Որպես որակի ապահովման զարգացած համակարգ ստեղծած կառույց՝ ՈԱԱԿ-ը ևս ծրագրի գործընկեր է։
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվելու է ծրագրի ճանապարհային քարտեզը, ուրվագծվելու է հետագա գործունեությունը։
Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն կրթության որակի ապահովման մարտահրավերները եվրոպական համալսարաններում, համապարփակ որակի ապահովման շրջանակ ստեղծելու անհրաժեշտությունը և եվրոպական ընդհանուր մոտեցման չափանիշներն ու չափորոշիչները։
EuniQ-ը (Եվրոպական մոտեցման մշակում եվրոպական համալսարանների ցանցի համապարփակ որակի ապահովման համար) երկամյա ծրագիր է (2019-2021թթ․), համակարգողը Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալությունն (NVAO) է:
Ծրագրի նպատակն է ճանապարհային քարտեզ ապահովել որակի ապահովման գործակալությունների համար, որպեսզի նրանք, հաշվի առնելով եվրոպական համալսարանների առանձնահատկությունները, տրանսազգային կրթությունը և համատեղ հավատարմագրումները, միասին որակի ապահովման համակարգի գնահատման այնպիսի մեթոդաբանություն մշակեն, որը կիրառելի կլինի բոլորի համար։
Ծրագրի շրջանակներում մշակված մեթոդաբանությունը կփորձարկվի 3-4 արտաքին գնահատումների միջոցով, որոնք կիրականացնեն գործընկեր հավատարմագրման գործակալությունները։