ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագիծը երեկ մեկնարկեց ուսանող-փորձագետների պատրաստման հերթական դասընթացը։ Դասընթացին մասնակցում են ուսանողներ Երևանի, Գեղարքունիքի և Շիրակի բուհերից։
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ դասերն անցկացվում են առցանց հարթակում։ Դասընթացի շրջանակներում ուսանողներին կներկայացվեն որակի ապահովման չափանիշներն ու չափորոշիչները, որակի ներքին և արտաքին ապահովման սկզբունքները, հավատարմագրման գործընթացի առանձնահատկությունները, տեսական և գործնական առաջադրանքների միջոցով ուսանողները կսովորեն ուսանող-փորձագետի տեսանկյունից գնահատել ինքնավերլուծությունը, փորձագիտական այցի մասնակցել, զեկույց գրել։ Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողները կգրանցվեն ուսանող-փորձագետների բազայում՝ հետագայում հնարավորություն ստանալով մասնակցել արտաքին գնահատումների։
Նշենք, որ ուսանող-փորձագետների առցանց դասընթացի առաջին փորձը ՈԱԱԿ-ն իրականացրել էր դեռ նախորդ տարի՝ այդպիսով փորձելով ներգրավել նաև մարզերի ուսանողներին։ Առաջին փորձի հիման վրա բարելավված առցանց դասավանդման ծրագիրը փորձարկվեց արդեն արտակարգ դրության պայմաններում՝ կիսատ չթողնելու ընթացիկ դասընթացը։
ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի համակարգողներ Գայանե Անանյանը և Մերի Բարսեղյանը , ամփոփելով օրերս ավարտված դասընթացի արդյունքները, նշում են, որ ակնկալվող վերջնարդյունքներն ապահովվել են նաև առցանց դասընթացի պայմաններում, ինչը և հիմք է տվել նոր դասընթաց նախաձեռնելուն։ Ավելին, կուտակվել է դրական փորձ, որը կկիրառվի հետագայում՝ թե առցանց և թե լսարանային դասընթացների ժամանակ։