Հուլիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբն այց է իրականացնում Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Անդրանիկ Առաքելյանը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի, Ջերմաէներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու։
Փորձագիտական խմբի անդմաներն են՝ Արմինե Մատենցյանը ՝ Հայաստանի Եվրոպական համալսարանի Զբոսաշրջության և սպասարկման ամբիոնի դասախոս, Մարինե Գալուբյանը՝ «Սանարե-ֆարմ» ընկերության հաշվապահ։ Փորձագիտական խմբում, որպես ուսանող-փորձագետ, ընդգրկված է Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի, վիճակագրություն բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արթուր Դավթյանը։
Քոլեջի հավատարմագրման փորձագիտական աշխատանքները համակարգում է ՈԱԱԿ քարտուղարության բաժնի աշխատակից Լիլիթ Ղազարյանը։
Նախորդ շաբաթների ընթացքում փորձագիտական խումբն իրականացրել է ռեսուրսների դիտարկում և մասնակցել է ուսանողների ավարտական պետական քննություններին։
Փորձագիտական այցի առաջին օրը հանդիպումներ են կայացել քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, Կառավարման խորհրդի, շրջանավարտների և գործատուների հետ։
Հուլիսի 4-ին փորձագիտական խումբը մասնագիտական հանդիպում-քննարկումներ կունենա «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ», «Հագուստի մոդելավորում և նախագծում», «Ֆինանսներ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Փորձագիտական այցին հաջորդող փուլը փորձագիտական զեկույցի կազմումն է, որը նշում է քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով քոլեջի ներկայացուցիչների ու փորձագետների հետ: