Սեպտեմբերի 26–29-ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբը հավատարմագրման գործընթացի շրջանակներում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում է։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Բադալյանը: Փորձագիտական խմբի մյուս անդամներն են Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի Արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Տիգրան Սիմյանը, Խ․ Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Հայկուհի Մուկոյանը և նույն համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանող Լիլյա Գրիգորյանը:
Հավատարմագրման գործընթացում որպես միջազգային փորձագետ ընդգրկված է կինոքննադատ, Ղազախստանի ազգային համալսարանի Արվեստագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու Նազիրա Մուկուշևան։
Փորձագիտական խմբի աշխատանքը համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։
Փորձագիտական այցի առաջին օրը հանդիպումներ տեղի ունեցան ԵԹԿՊԻ ղեկավար կազմի, ինքնավերլուծության խմբի անդամների, համալսարանի Խորհրդի անդամների, գործատուների և շրջանավարտների հետ։ Հաջորդ օրերի ընթացքում փորձագետները կշարունակեն հանդիպում-քննարկումները համալսարանի ներքին և արտաքին մյուս շահակիցների հետ՝ դիտարկելու նախորդ հավատարմագրումից հետո ինստիտուտում տեղի ունեցած փոփոխությունները, առկա մարտահրավերները և զարգացման հետագա ուղղությունները:
Փորձագիտական այցին հաջորդող փուլը փորձագիտական զեկույցի կազմումն է, որ մատնանշում է ինստիտուտի ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով բուհի ներկայացուցիչների ու փորձագետների հետ: