Բրյուսելում մեկնարկել է Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (HERE) համաժողովը, որն այս տարի կրում է «ԵՄ-ն և հարևանները․ քաղաքականությունը և համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում» խորագիրը։ Համաժողովին մասնակցում է նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
Դեկտեմբերի 10-12-ին ընթացող համաժողովը կնադրադառնա բարձրագույն կրթության ոլորտում տարածաշրջանային, միջտարածաշրջանային և երկրների միջև համագործակցություններին, որոնք էլ պայմանավորում են անհրաժեշտ բարեփոխումները։
ԵՄ և հարակից տարածաշրջանների երկրներները ներկայացնող բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետները կքննարկեն բարձրագույն կրթության գլոբալ մարտահրավերները և միտումները, համագործակցության հեռանկարները։
Համաժողովի այսօրվա նիստին դիտարկվել են բուհ-գործատու արդյունավետ համագործակցության, որակավորումների շնորհման էլեկտրոնային գրանցամատյան ունենալու խնդիրները, որոնք արդիական են թե ԵՄ երկրներում, թե հարակից տարածաշրջաններում։
Նշենք, որ ՈԱԱԿ-ը, միջազգային զարգացումներին համաքայլ, մշակել և փորձարկել է բուհ-գործատու համագործակցության նոր մոդել, որը վերջերս որպես լավագույն փորձ ներկայացվեց նաև Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ֆորումում։
ՈԱԱԿ-ի առաջարկով ՀՀ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում ներառվել է դրույթ որակավորումների շնորհման էլեկտրոնային գրանցամատյան ստեղծելու վերաբերյալ։ Գրանցամատյանում ներառվելու է ինֆորմացիա սովորողի առաջընթացի և տրվող որակավորման վերաբերյալ։