Մարտի 28-ից ապրիլի 1-ը ՀՀ պետական կառավարման ակադեմիան, Հայաստանի ազգային ագրարային ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարաններն արտաքին գնահատում կանցնեն:
ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի շրջանակներում շահակից բուհերում իրականացվող արտաքին գնահատման նպատակն է գնահատել բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման համակարգի արդյունավետությունը և ծրագրի արդյունքները:
Արտաքին գնահատման գործընթացի շրջանակներում փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ կունենա յուրաքանչյուր բուհի վարչական ղեկավարության, որակի ներքին ապահովման աշխատանքային խմբի, դեկանների, ՄԿԾ-ների ղեկավարների, GOVERN ծրագրի համակարգողների, ինչպես նաև դասախոսների և ուսանողների հետ, կիրականացնի փաստաթղթերի ուսումնասիրություն:
Փորձագիտական խմբում ընդգրկված են մեկական տեղացի և միջազգային փորձագետներ և մեկ ուսանող-փորձագետ: Գործընթացը համակարգում են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի (ASIIN) մասնագետները:
Արտաքին գնահատման նպատակով արդեն իսկ փորձագիտական այցեր են կատարվել ԵՊԲՀ, ԵՊԼՀ, ՎՊՀ , ՀՊՏՀ և Հյուսիսային համալսարան:
«Աջակցություն բուհական ինքնավարությանը և հաշվետվողականությանը. բարձրագույն կրթության կառավարման ժամանակակից և Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ համակարգի մշակում` արդյունավետ փոփոխությունների իրականացման նպատակով»-ը եռամյա ազգային ծրագիր է, որի նպատակն է հնարավոր դարձնել հայկական բուհերում ժամանակակից կառավարական համակարգի կիրառությունը, խրախուսել արդյունավետ կառուցվածքային փոփոխություններ Բոլոնիայի օրակարգին համահունչ, ընդլայնել բուհի ինքնավարությունն ու պատասխանատվությունը: