Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական առցանց գագաթնաժողովը, որն այս տարի կրում էր «Մարտահրավերներին ընդառաջ. ստեղծելով նոր հնարավորություններ և չեղարկելով տարբերությունները» խորագիրը։ Այն հյուրընկալել էր Բոլոնիայի գործընթացի Իտալիայի քարտուղարությունը։
Գագաթնաժողովին որպես ENQA անդամ մասնակցել է նաև ՈԱԱԿ-ն ի դեմս տնօրեն Ռուբեն Թոփչյանի։
49 երկրների պատվիրակությունները քննարկել են ԵԲԿՏ մինչև 2030թ․ զարգացման տեսլականը և մարտահրավերները, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների շարժունության և շրջանավարտների աշխատունակության խթանման նորարարական ուղիները։ Կարևորվել է, որ ազգային մակարդակում կիրառվող կարգավորումներն ապահովեն հավատարմագրման գործակալությունների անկախ, ճկուն և թափանցիկ գործունեությունը, նպաստեն ուսանողների ակտիվ ներգրավվածությանը որակի ապահովման գործընթացներում։
Նախարարական գագաթնաժողովի շրջանակներում ընդունվել է Հռոմի նախարարական կոմյունիկեն, որը կկանխորոշի ԵԲԿՏ անդամների առաջիկա 10 տարիների գործունեությունը, ակադեմիական ազատությունների մասին հայտարարությունը, ինչպես նաև դասավանդման և ուսումնառության բարելավմանը կոչված առաջարկություններ՝ ուղղված ազգային իշխանություններին։