Եվս 23 ուսանող համալրեց ՈԱԱԿ ուսանող-փորձագետների բազան. մարտի 25-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը հանդիպում ունեցան «Ուսանողության ձայն» նախագծի ուսանող-փորձագետների պատրաստման հերթական դասընթացի շրջանավարտների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց, թե դիմորդներն ինչ սկզբունքով են մասնագիտություն ընտրում, ինչով է պայմանավորված մասնագիտության գրավչությունը և ինչ դեր ունեն ծնողներն իրենց երեխաների մասնագիտական կողմնորոշման հարցում:
Ուսանողները կարևորեցին.
- մասնագիտության գրավիչ կողմերի հանրայնացումը,
- ոլորտում կարիերայի հնարավորությունների ուրվագծումը,
- մասնագիտության հանրօգուտ բնույթը,
- ոլորտի մասնագետների հաջողությունների պատմությունների առկայությունը և դրանց հանրայնացումը։
Հանդիպման մասնակիցները նշեցին, որ ցանկացած ոլորտում հնարավոր է հաջողության հասնել: Դրա համար կարևոր պայման է արդյունավետ հետազոտության իրականացումը և նոր արդյունքի, առկա խնդիրների նորովի լուծում գտնելու կարողությունը:
Քննարկվեց նաև ուսանողի սովորելու մոտիվացիան, կրթական տարբեր մակարդակներում անհրաժեշտ բարեփոխումներն ուսանողների տեսանկյունից:
Հանդիպումն ամփոփվեց ապագա ուսանող-փորձագետներին վկայականներ հանձնելով: