Ապրիլի 22-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում։ ՄՈՒՀ-ը 2023 թվականին ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Մշտադիտարկման նպատակն էր վեր հանել հավատարմագրման գործընթացի ազդեցությունը որակի ապահովման համակարգի, ուսումնական գործընթացների վրա, դիտարկել փորձագետների կողմից մատնանշված թերությունների վերացման ծրագրի իրականացման ընթացքը, առկա ձեռքբերումներն ու հնարավոր մարտահրավերները։
Մշտադիտարկման ընթացքում հանդիպում-քննարկումներ տեղի ունեցան քոլեջի ղեկավարության, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուի հետ:
Քննարկման առանցքում հետևյալ թեմաներն էին․
- Որակի ապահովման տարեկան պլանները և դրանց իրագործումը․ որ տիրույթներում և ինչ ժամանակացույցով է ՄՈՒՀ-ը տվյալներ հավաքագրում՝ դրանց հիման վրա որոշումներ կայացնելու և բարելավման գործընթացներ ծավալելու նպատակով։
- Ուսուցման կազմակերպման ձևերը․ ինչպես են պատրաստում ապագա օլիմպիական չեմպիոնների մարզող մարզիչների, ինչպես են կիրառում նորագույն տեխնոլոգիաներն ու մեթոդներն ուսուցման գործընթացում։
- Ուսանողի գնահատման մեխանիզմները․ ինչպես է քոլեջում տեղի ունենում ձևավորող գնահատում, արդյոք առաջադրանքները հետազոտական բաղադրիչ ունեն, ինչպես է ուսանողը հետադարձ կապ ստանում դասախոսից և մարզիչից, հատկապես այն դեպքերում, երբ ուսանողները մարզվում են քոլեջից դուրս։
- Օտար լեզուների ուսուցումը և հաղորդակցման կարողությունների զարգացումը, մասնավորապես՝ միջազգային սպորտային միջավայրում արդյունավետ հաղորդակցության, ոլորտային բառապաշարը և տերմինաբանությունը տարբեր լեզուներով տիրապետելու տեսանկյունից։
- Հետազոտական կարողությունների զարգացումը և քոլեջում իրականացվող հետազոտությունների խրախուսման ուղիները․ ինչպես է քոլեջն ապահովում կրթության հետազոտական բաղադրիչը, ինչպես են դասախոսները հետազոտություն իրականացնում, ինչպես են ուսանողներին խրախուսում ընդգրկվել հետազոտական աշխատանքներում, ինչպես է ձևավորվում տվյալների հետ աշխատանքի կարողությունն ուսանողի մոտ։
Մշտադիտարկման ավարտին ՈԱԱԿ մասնագետները քոլեջի ղեկավար կազմի հետ քննարկեցին հաստատության ուժեղ կողմերն ու բարելավման ուղղությունները՝ շեշտադրելով որակի ապահովման և հետազոտության ոլորտում առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման և ոլորտային այլ ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։