Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի 15-ամյա ձեռքբերումներից է «Ուսանողության ձայն» նախագիծը։ Ստեղծման պահից ի վեր «Ուսանողության ձայնը» եղել է ոչ միայն ուսանողներին միավորող և նրանց ձայնը լսելի դարձնող հարթակ, այլ նաև ոգեշնչման աղբյուր, կարիերայի ելակետ և որակի մշակույթ ձևավորող գործիք:
13 տարիների ընթացքում․
- 1300 ուսանող մասնակցել է ուսանող-փորձագետների պատրաստման դասընթացներին,
- 109 ուսանող մասնակցել է հավատարմագրման գործընթացների հայաստանյան բուհերում և քոլեջներում,
- 380 ուսանող ներկայում ընդգրկված է ուսանող-փորձագետների բազայում,
- 5 ուսանող հաջողությամբ ներկայացրել է Հայաստանը Եվրոպական ուսանողական միությունում:
Այս ցուցանիշները փաստում են, որ նախագիծը դարձել է դրական փոփոխությունների ցուցիչ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մասշտաբով:
Թերևս ավելի ոգեշնչող են այն անթիվ ուսանողները, ովքեր «Ուսանողության ձայն» նախագծի միջոցով գտել են իրենց ոգեշնչումն ու կարիերայի ուղին: Նախագծի ավելի քան 2 տասնյակ շրջանավարտներ, ուսանող-փորձագետի փորձառություն ձեռք բերելով, շարունակել են իրենց կարիերան կրթության կառավարման ոլորտում՝ որպես որակի ապահովման մասնագետներ տարբեր ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ՈԱԱԿ-ում: Նրանց հաջողությունները վկայում են «Ուսանողության ձայն» նախագծի մեծ և դրական փոփոխություններ բերող ներուժի մասին:
2019թ․ «Ուսանողության ձայնը» ENQA-ի կողմից ճանաչվեց որպես լավագույն փորձ Եվրոպական կրթական տարածքում: Եվ այս հեղինակավոր գնահատականն ավելի ոգեշնչեց մեզ՝ առավել մեծ նվիրվածությամբ ուսանողների կարողությունները հզորացնելու և կրթության շարունակական բարելավմանը մասնակից դարձնելու:
Տոնելով այս յուրահատուկ նախագծի 13-ամյակը՝ մեր շնորհակալությունն ենք հայտնում մեր բոլոր այն շահակիցներին, որոնք այս կարևոր ճամփորդության մի մասն են կազմել: Ձեր նվիրվածությունը և հավատը եղել են մեր հաջողության գրավականը:
«Ուսանողության ձայնի» 13-ամյակի առթիվ ևս մեկ անգամ հավաստում ենք մեր նվիրվածությունն ընդհանուր նպատակին՝ ունենալ հզոր կրթական համակարգ և մրցունակ մասնագիտական ներուժ:
Շարունակենք քայլել որակի ճանապարհով միասին․․․