Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) վերահավատարմագրվում է։
Մայիսի 20-24-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) փորձագետները այց կիրականացնեն ՀՊՄՀ։
Այցի ընթացքում փորձագետները կգնահատեն բուհի գործունեությունը Կառավարության կողմից հաստատված 10 չափանիշներով, կդիտարկեն ՀՊՄՀ առաջընթացը նախորդ հավատարմագրումից ի վեր, ինչպես նաև բարելավման ծրագրի իրականացումը և առկա արդյունքները։ Այդ նպատակով փորձագիտական խումբը հանդիպումներ և քննարկումներ կունենա բուհի հոգաբարձուների խորհրդի, վարչական ղեկավարության, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, որակի ապահովման մասնագետների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների ու շրջանավարտների հետ։ Խումբը կիրականացնի փաստաթղթերի ուսումնասիրություն, ռեսուրսների դիտարկում և դասալսումներ, կդիտարկի ուսանողի գնահատումը։
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն, որում կմատնանշեն ՀՊՄՀ ուժեղ և թույլ կողմերը, բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն։
ՀՊՄՀ-ում արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի ղեկավարն է ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինե Սողիկյանը:
Խմբի մյուս անդամներն են Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության (NVAO) քաղաքականության հարցերով ավագ խորհրդական, կենսաբանական գիտությունների թեկնածու Փիթեր Քարիսը, ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու Գագիկ Քթրյանը, ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Խաչատրյանը, ԵՊՀ ուսանող Սրբուհի Միչիկյանը։
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի մասնագետ Անի Մկրտչյանը։
Արտաքին գնահատումից հետո բուհի հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, բուհի ինքնավերլուծության և բարելավման ծրագրի վրա։
Նշենք, որ ՀՊՄՀ-ն 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում էր ստացել 2015-ին։