ՈԱԱԿ-ը Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս) հետ համագործակցությամբ փետրվարի 11-ին հայաստանյան ուսանողների համար կազմակերպեց առցանց հանդիպում Հոդված 26 ուսապարկի հիմնադիրների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց Հոդված 26 ուսապարկը՝ ակադեմիական շարժունությունը խթանող անվճար թվային գործիք, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին պլանավորել և կառուցել իրենց կրթական ու մասնագիտական զարգացման ուղիները։
Նշվեց, որ Հոդված 26 ուսապարկը թվային հարթակ է, որը տրամադրում է ամպային ծառայություններ՝ ակադեմիական նյութերի պահպանման, կազմակերպման և փոխանակման համար։
Հոդված 26 ուսապարկը ներառում է ուսանողների մասնագիտական ողջ հետագիծը և առաջարկում է մի շարք կարևոր առավելություններ՝
- Կրթական և աշխատանքային պատմության անվտանգ պահպանում՝ երաշխավորված Կալիֆորնիայի համալսարանի ակադեմիական չափանիշներով,
- մասնագիտական ձեռքբերումների կիսման հնարավորություն համալսարանների, կրթաթոշակային գործակալությունների և գործատուների հետ,
- փաստաթղթերի վավերացում ECE Aid ընկերության միջոցով՝ միջազգային ճանաչման համար,
- պարբերական տեղեկատվություն ակադեմիական հնարավորությունների մասին և UC Davis-ի շարունակական կրթության վկայականի ստացման հնարավորություն,
- անվտանգ փաստաթղթերի փոխանակում ժամանակավոր հղումների միջոցով,
- հասանելիություն 8 լեզվով, այդ թվում՝ հայերենով։
Պլատֆորմը ստեղծվել է Կալիֆորնիայի համալսարանի (Դեյվիս) Մարդու իրավունքների ուսումնասիրությունների պրոֆեսոր և տնօրեն Քիթ Դեյվիդ Ուաթենպաուի կողմից՝ սկզբնապես նպատակ ունենալով հաղթահարել փախստական և խոցելի խմբերի երիտասարդների կրթական խոչընդոտները: Այն կոչվել է ի պատիվ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 26-րդ հոդվածի, որը սահմանում է կրթության համընդհանուր իրավունքը: Ներկայումս պլատֆորմը սպասարկում է ավելի քան 5000 օգտատերի աշխարհով մեկ:
Կից կարող եք տեսնել առցանց հանդիպման սահիկաշարը։
Նշենք՝ առաջիկայում կկազմակերպվեն նոր հանդիպումներ Հոդված 26 ուսապարկի ներկայացուցիչների հետ՝ թվային հարթակի կիրառման կարողությունների զարգացման նպատակով։
Հոդված 26 ուսապարկում կարող եք գրանցվել՝ անցնելով հղմամբ՝ https://bit.ly/4hBy6Gi