Մարտի 18-ին Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում մեկնարկեց Էրազմուս+ QA4VET ծրագիրը, որի նպատակն է բարելավել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) որակը Հայաստանում։ Մարտի 18-19-ին ծրագրի հայաստանյան և միջազգային շահակիցները կներկայացնեն աշխատանքային փաթեթները, դրանց շրջանակներում նախատեսված գործընթացները և ակնկալվող վերջնարդյունքները։ Աշխատաժողովը կամփոփվի ծրագրի կառավարման խորհրդի նիստով։
Աշխատաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք հղեց Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի տնօրեն Նիկողայոս Գասպարյանը։ Ռումինիայի նախնական կրթության որակի ապահովման գործակալության (ARACIP) ղեկավար Մարիանա Դոգարուն, խոսելով QA4VET ծրագրի կարևորության մասին, նշեց, որ իրենց երկիրը, ունենալով խորհրդային անցյալ, բախվել է նույն խնդիրներին, ինչ Հայաստանը։ Նա ընդգծեց, որ 2005-ից Ռումինիայում սկսվել են որակի ապահովման գործընթացներ ՄԿՈւ համակարգում, և այժմ, ունենալով հաջողություններ և որոշակի լավ փորձ, պատրաստ են կիսվել իրենց փորձով:
Աշխատաժողովի ընթացքում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) ներկայացուցիչները հանդես եկան երեք զեկույցով։
Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը ներկայացրեց ՈԱԱԿ-ի գործունեությունը և արժեքները՝ շեշտելով, որ 16 տարվա ընթացքում իրականացվել է՝
- 57 քոլեջի և 36 բուհի ինստիտուցիոնալ հավատարմագրում,
- 46 մշտադիտարկման այց քոլեջներ և 132 այց՝ բուհեր,
վերապատրաստվել է՝
- 1125 փորձագետ
- 1325 ուսանող-փորձագետ։
Ներկայացվեց նաև ՈԱԱԿ միջազգային գործունեությունը՝ ընդգծելով անդամակցությունը միջազգային կառույցներում, ինչպիսիք են ENQA, INQAAHE, CEENQA, ETF, ինչպես նաև մասնակցությունը և ներդրումը Էրազմուս+ և ՅՈՒՆԵՍԿՕ ծրագրերում:
Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը ներկայացրեց Հայաստանի որակի ապահովման համակարգը, օրենսդրական կարգավորումները, ՀՀ Կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի սահմանած նպատակները ՄԿՈՒ տիրույթում, որակի ներքին և արտաքին ապահովման գործընթացները, հավատարմագրման պետական չափանիշներն ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման համար:
Շեշտադրվեցին ՄԿՈւ կայուն զարգացման ուղղությամբ ՈԱԱԿ-ի քաղաքականության առանցքային սկզբունքները.
- աջակցություն ՄԿՈւ հաստատություններին տեղական աշխատաշուկայի պահանջներին համապատասխանելու և գործատուների հետ ռազմավարական կառավարման խթանման հարցում,
- ուսումնական ծրագրերի համապատասխանեցում տարածաշրջանի կարիքներին և տնտեսական հնարավորություններին,
- գործատուների ռեսուրսների համատեղ օգտագործման խթանում ՄԿՈՒ հաստատությունների կողմից ուսումնական ծրագրերի արդյունավետ իրականացման համար,
- գործատուների ներգրավվածության մեծացում, վերլուծական տվյալների կուտակման խթանում։
Ներկայացվեցին նաև քոլեջներում փորձնական հավատարմագրման մոդելի մշակման և փորձարկման ուղղությամբ սպասվող աշխատանքները, սահմանված ժամկետները և ակնկալվող վերջնարդյունքները: Շեշտադրվեց, որ այդ գործընթացները կնպաստեն նաև շահակից ՄԿՈՒ հաստատություններում ինստիտուցիոնալ ինքնավերլուծության իրականացմանը և փորձագիտական կարողությունների զարգացմանը:
QA4VET ծրագիրը նպատակ ունի բարելավել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) որակը Հայաստանում՝ մշակելով և իրականացնելով փորձնական հավատարմագրման ընթացակարգեր և գործիքներ, որոնք կաջակցեն որակի ապահովմանը ՄԿՈւ հաստատություններում և կրթության որակի մշակույթի ձևավորմանը։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերլուծել եվրոպական փորձը, կատարելագործել հայաստանյան մասնագետների կարողությունները, ինչպես նաև մշակել առաջարկություններ ՄԿՈւ հաստատություններում որակի շարունակական բարելավման համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանաչ և թվային ուղղվածությանը։
QA4VET (Փորձնական հավատարմագրման իրականացում՝ աջակցելու որակի ապահովմանը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում) նախագծի համակարգողն է Ռումինիայի նախնական կրթության որակի ապահովման գործակալությունը (ARACIP)։ Հայաստանից ներգրավված են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջը, Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը, «Կրթական քաղաքականության և կառավարման հայկական կենտրոն» ՀԿ-ն։ Նախագծում ներգրավված է նաև գործընկեր հաստատություն Գերմանիայից՝ «ԻՆՎՈԼԱՍ» մասնագիտական կրթության, աշխատաշուկայի և սոցիալական քաղաքականության ինստիտուտը։