ՈԱԱԿ առաջարկների հիման վրա ՀՀ Կառավարության որոշմամբ փոփոխություններ են տեղի ունեցել «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգում»։
Փոփոխությունների և լրամշակումների համաձայն՝ բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններին ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհվում է․
- 6 տարի ժամկետով․ եթե փորձագիտական զեկույցում նշված չեն թերություններ, ապահովված է որակավորումների արժանահավատ շնորհումը, առկա են զարգացման օրինակներ, կառավարման համակարգն ապահովում է բարելավումների իրականացումը։
- 4 տարի ժամկետով․ եթե փորձագիտական զեկույցում նշված թերացումներն առանցքային ազդեցություն չունեն որակավորումների արժանահավատ շնորհման վրա, բավարար հիմքեր են ստեղծված բարելավումների համար, և դրանք կարող են իրականացվել 4 տարվա ընթացքում։
- 4 տարի ժամկետով պայմանով․ եթե փորձագիտական զեկույցում նշված թերություններն ազդեցություն կարող են ունենալ որակավորումների արժանահավատ շնորհման վրա, սակայն իրատեսական է դրանց վերացումը և բարելավումների իրականացումը երկու տարվա ընթացքում։
- Ինստիտուցիոնալ հավատարմագրման մերժում։
Հավատարմագրում չստանալու դեպքում հաջորդ ուսումնական տարվանից դադարեցվում է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման և գիտական ֆինանսավորման տրամադրումը։
Այս փոփոխությունները նպատակ ունեն խթանելու կրթության որակի բարելավումն ու շնորհվող որակավորումների արժանահավատությունը։
Նշենք, որ սույն թվականի մարտի 1-ին կկայանա ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կկայացվեն որոշումներ մի շարք ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ՝ ըստ փոփոխված կարգի։
Հիմք ընդունելով տեղի ունեցած փոփոխությունները՝ լրամշակվել է նաև Հավատարմագրման հանձնաժողովի կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրման շնորհման վերաբերյալ որոշումների կայացման քաղաքականությունը։